Գնումների գործընթացում միջամտություն նկատելու կապակցությամբ դիմում է ներկայացվել ԱԱԾ. Արսեն Թորոսյան


Գնումների գործընթացում միջամտություն նկատելու կապակցությամբ դիմում է ներկայացվել ԱԱԾ. Արսեն Թորոսյան
Փետրվար 26 20:00 2019

Առողջապահության նախարարությունը մի շարք բժշկական կենտրոններում գնումների գործընթացում արտաքին միջամտություն նկատելու կապակցությամբ դիմում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Խնդիրը բժշկական մի շարք կենտրոններում գնումների գործընթացին միջամտությանն է վերաբերում: Հայաստանում մի քանի մատակարարներ կան այդ ոլորտում, որոնցից երկուսն աշխարհում որակի առումով լավագույն բրենդերն են, եւ նրանք են հիմնականում զբաղվել ապրանքների մատակարարմամբ: Այս պահին դիալիզ ստացող 8000 պացիենտ ունենք: Մեր խնդիրն է ապահովել այդ բոլոր պացիենտների անվտանգությունն այդ պրոցեդուրան անցնելիս: Մենք պետք է վստահ լինենք, որ դրանք ոչնչով չեն տարբերվում օրիգինալից», - ասել է Թորոսյանը:

Արսեն Թորոսյանը հաստատել է նաեւ, որ նշված ընկերություններից մեկն էլ «Ֆրեզեն» ընկերությունն է, որ տնօրեն Հրանտ Պիվազյանը, հիշեցնենք, բարձրաձայնել էր մրցույթի գործընթացում չարաշահումների մասին՝ հայտարարելով,  որ Պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը և խլել իրենց «բիզնեսը»: