Էքստրասենսի սպանության համար դատապարտված Մուշեղ Մխիթարյանը ընկերների հետ հացադուլ է սկսել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում


Էքստրասենսի սպանության համար դատապարտված Մուշեղ Մխիթարյանը ընկերների հետ հացադուլ է սկսել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում
Փետրվար 26 17:54 2019

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության  համար 20 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Մխիթարյանը երեկվանից հացադուլ է սկսել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։ Այս մասին ArmDay.am-ին  հայտնեց ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը:

«Փետրվարի 25-ից Մուշեղ Մխիթարյանը, Վաչագան Ադալյանը և Արա Մկրտչյանը հացադուլ են հայտարարել, գտնվում են հացադուլավորների համար նախատեսված հատուկ խցում՝ բժիշկների հսկողության ներքո: Կալանավորները պահանջում են  քննված քրեական գործն ուղարկել հետաքննության»,-ասաց Նոնա Նավիկյանը:

Հիշեցնենք,  որ  2015թ. օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի առիթով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Վարդան Աբրահամյանը 2018թ. մարտի 5–ի դատավճռով Մուշեղ Մխիթարյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։