Կոտայքում սպանվածը մեղադրվում էր սահմանն ապօրինի հատելու մեջ


Կոտայքում սպանվածը մեղադրվում էր սահմանն ապօրինի հատելու մեջ
Փետրվար 25 17:12 2019

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում երեկ երեկոյան տեղի ունեցած սպանության զոհը «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տարիներ առաջ Հայաստան էր մուտք գործել ապօրինի։

«Փաստինֆո»-ն «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Կարեն Խնուսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելը։ Ըստ նախաքննական մարմնի՝   նա ձեռք էր բերել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իր լուսանկարով, սակայն եղբոր` 03.09.1989թ. անվամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ անձնագիր եւ այն օգտագործելով՝ 2016 թվականի ապրիլի 20-ին` ժամը 00:13-ին, ՀՀ «Զվարթնոց» սահմանային անցակետով ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը` մուտք գործելով ՀՀ տարածք: Գործն այժմ դատաքննության փուլում է։

Քրեական գործը դատարանի վարույթում է գտնվում դեռեւս 2018 թվականի օգոստոսից։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ 2019 թվականի փետրվարի 24-ին` ժամը 19:55-ին,  Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է Կարեն Խնուսյանի դին` կրծքավանդակի աջ և ձախ կեսի կողմնային մակերեսներին և աջ բազկի ստորին երրորդականի հետին մակերեսին հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ եւ 235-րդ հոդվածների առաջին մասերով։

Նախաքննությունը շարունակվում է։