Ավարտվել է 2018 թվականի ապրիլին խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քչչնական կոմիտե հայտնում է, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` մի խումբ քաղաքացիներ, նպատակ ունենալով խոչընդոտել 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և մարզերում կազմակերպված խաղաղ հավաքների և երթերի ընթացքը, կազմել են խմբեր և դիտավորյալ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական դրդումներով հայհոյանքներ տալով՝ բռնություն են գործադրել հավաքների մասնակիցների նկատմամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 11 անձի։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։