«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դիալիզի բուժսպասարկման մրցույթը շահել է «Զառշեն» ընկերությունը, որն անցյալում կահույքի բիզնեսով է զբաղվել։ Չնայած այն բանին, որ ԲԿ -ի տնօրենն ասել էր, որ ամեն ինչ կատարվել է օրինական ձևով՝ «Զառշենը» հաղթել է մրցույթը ֆիլտրերի գծով, տեղեկություններ կան, որ իրավապահներն այս մրցույթի կազմակերպման մեջ լուրջ խախտումներ են հայտնաբերել և կասեցրել գործընթացը՝ պայմանագրի կնքման վրա արգելանք են դրել։
ArmDay.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարությունից հաստատեցին լուրը.«Իրավապահ մարմինները ուսումնասիրություն են կատարում մի գնման գործընթացի շուրջ, ինչի շրջանակներում կասկածներ կան, որ արտաքին միջամտություն է եղել ինչ-որ մեկի շահերն առաջ տանելու մասով»,-ասաց ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Խոսնակը նշեց, որ այլ մանրամասների չի տիրապետում, և նախարարությունը որպես կողմ հանդես չի գալիս նշված գործընթացներում:
Նշենք, որ Առողջապահության նախարարությունը,պարբերաբար, խախտումներ է հայտնաբերում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որոնք մասնավորապես կապված են բուժում չստացած հիվանդների համար պետությունից գումարներ գանձելուն: