Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներ ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել


Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներ ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել
Սեպտեմբեր 9 22:45 2025

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում,  նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոստովյան 17 շենքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրից մեկ հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Էրեբունու դատախազության 2 դատախազ։

Այս պահին տարածքը սահմանազատել են պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների գլխավորությամբ։

Այս պահին արդեն տեղում աշխատում են քննչական կոմիտեի փորձաքրեագետները։

Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել է մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, իսկ մյուսը մուտքից է մտել ու այդ ժամանակ տանը մնացող տղամարդը, ով նախկինում սպանության համար եղել է դատապարտված և ոտքին էլ եղել է «բրասլետ», իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին, վտանգելով իրենց կյանքը, տեղում վնասազերծել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները և չէր բացառվում, որ վնասազերծելու պահին նա կրակոցներ արձակեր պարեկների ուղղությամբ, և եթե պարեկները պրոֆեսիոնալիզմ չցուցաբերեին, հնարավոր է վիրավորների թիվը ավեկանալար, այդ թվում՝ վիրավորում ստանային հենց իրենք՝ պարեկները։