Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Ավանդույթի համաձայն, տոնի նախօրեին չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն իրենց ապագա ընտրյալին: Համարվում է, որ երիտասարդը կհանդիպի և կամուսնանա նրա հետ, ով երազում նրան կփրկի ծարավից՝ տալով ջուր:
Ըստ ազգագրագետների սխալ է այն կարծիքը, թե բլիթ պետք է պատրաստի տարիքով մեծ, այրի կին: Աղի բլիթ պետք է պատաստի երջանիկ կինը, ով մեծ սեր և երջանիկ երեխաներ ունի: Կամ, երբ աղջիկներ են հավաքվում, այդ պարագայում պատրաստում է սիրահարված աղջիկը, ով այդ «սիրո տարոսիկը» տալիս է բոլորին»:
Աղի բլիթը շատ հեշտ է պատրաստել:
Հիմնական և կարևոր բաղադրիչը աղն է: Պատրաստելու համար անհրաժեշտ է նաև ջուր և ալյուր: Ալյուրի վրա պետք է ավելացնել աղը, այնուհետև ջուրը: Խառնել այնքան, որ ստացվի միատարր զանգված: Ստացված խմորը գրտնակի օգնությամբ պետք է տարածել և բարակեցնել, այնուհետև կտրատել: Կարող եք կտրատել ցանկացած ձևի և չափի: Հիմնականում կտրատում են սրտաձև: Այսքանից հետո պետք է դնել ջեռոցը և թողնել այնքան, որ բլիթների մակերեսը վարդագույն դառնա:
Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: