«Հո քոռ չե՞ք, արա…». Ջերմուկում վիճաբանության ժամանակ վնասված մեքենայի տերը ծանր վնասվածքներ է ստացել


«Հո քոռ չե՞ք, արա…». Ջերմուկում վիճաբանության ժամանակ վնասված մեքենայի տերը ծանր վնասվածքներ է ստացել
Փետրվար 2 19:27 2019

1in.am-ը գրում է․

26-ամյա Ժիրայրին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ Երևանի բնակիչ Ժիրայր Մ.-ն ընկերների՝ Անդրանիկի, Արմեն Բ.-ի ու Արմեն Մ.-ի հետ քաղաքից դուրս հանգիստն անցկացնելու նպատակով իր վարած «Միցուբիշի» մեքենայով 2017 թվականի մայիսի 15-ին մեկնել է Ջերմուկ: Այնտեղ են հասել կեսգիշերն անց և սկսել են հյուրանոց փնտրել՝ գիշերելու համար:

Հասել են «Վերոնա» հյուրանոցին, Ժիրայր Մ.-ն մեքենան կայանել է բակի ավտոկայանատեղիում, որտեղ կայանված էր նախորդ օրը ընտանիքի անդամների հետ այդ հյուրանոցում իջևանած Վրեժ Գ.-ի «Տոյոտա» մեքենան:

Ժիրայր Մ.-ն ընկերոջ՝ Անդրանիկի հետ իջել է մեքենայից, հյուրանոցի բակում սկսել են բարձրաձայն քննարկել այնտեղ մնալու հարցը: Հյուրանոցը նրանց արտաքնապես դուր չի եկել՝ անշուք են համարել, որոշել են այնտեղ չմնալ, ուրիշ հյուրանոց փնտրել:

Նրանք շատ բարձր են խոսել միմյանց հետ, հյուրանոցի աշխատակցուհին պատուհանից դիտողություն է արել՝ պահանջելով չաղմկել, քանի որ հյուրանոցում քնած մարդիկ կան: Այդ ընթացքում արթնացել է նաև այս աշխատակցուհու ամուսինը, պատուհանից դուրս է նայել ու տեսել է կայանված մեքենան:

Ժիրայրն ու Անդրանիկը ներողություն են խնդրել, նստել են մեքենա, որ հեռանան: Շրջադարձ կատարելու ժամանակ հետընթաց կատարելիս Ժիրայր Մ.-ն իր մեքենայով անզգուշաբար բախվել է ավտոկայանատեղիում կանգնած Վրեժ Գ.-ի «Տոյոտայի» հետևի «շիթին»:

Հյուրանոցի աշխատող ամուսինները տեսել են բախումը և դուրս են եկել բակ: Նրանք տեսել են, որ անծանոթ տղաների մեքենան բախվել է իրենց հյուրի մեքենային ու վնասել է այն: Վնասը շատ մեծ չի եղել, Ժիրայր Մ.-ն չի հեռացել ու պատրաստակամություն է հայտնել մեքենայի տիրոջը հատուցել պատճառած վնասը:

Հյուրանոցի աշխատողները արթնացրել ու բակ են կանչել մեքենայի տիրոջը՝ Վրեժին: Վերջինս իջել է բակ, տեսել է իր մեքենան՝ վնասված, կոպիտ տոնով ասել է Ժիրայրին ու նրա ընկերներին. «Հո քոռ չե՞ք, արա, եքա ավտոն չտեսա՞ք, էկաք խփիք, ջարդիք»:

Վրեժի կոպիտ տոնից վրդովված՝ Ժիրայր Մ.-ն պահանջել է կարգին խոսել, չվիրավորել, բայց Վրեժն ասել է, թե լավ է անում՝ վիրավորում է:

Ժիրայրը բռունցքով հարվածել է Վրեժի ծնոտին: Վերջինս կորցրել է հավասարակշռությունը, կքանստել, ապա ոտքի է կանգնել, փորձել է հարվածել Ժիրայրին: Քաշքշուկ է սկսվել: Ադրանիկը հրել է Վրեժին, թույլ չի տվել, որ նա հարվածի Ժիրայրին, իսկ ֆիզիկապես ավելի ամրակազմ Ժիրայրին հաջողվել է բռունցքով մի քանի հարված հասցնել Վրեժի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կրծքավանդակի կողային մասերին:

Ժիրայրի մյուս ընկերները միջամտել, սկսել են բաժանել: Վրեժը կարողացել է պոկվել Ժիրայրի ձեռքից ու վազել դեպի հյուրանոց: Այդ ժամանակ նա սայթաքել, ընկել է՝ կրծքով հարվածելով եզրաքարերին, գլխով՝ աղբամանին: Ժիրայրը գնացել է դեպի վայր ընկած Վրեժը ու ոտքով մի քանի անգամ հարվածել է նրա ոտքերին:

Ըստ մեղադրանքի՝ Ժիրայրի կողմից Վրեժին հասցված հարվածների հետևանքով Վրեժի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ վեց կողոսկրերի կոտրվածքի, ձախ թոքի սալջարդի, ձախակողմյան և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով:

Հյուրանոցի աշխատողը փորձել է բաժանել, տեսել է՝ չի կարողանում, սպառնացել է, թե ոստիկանություն է զանգում: Երբ գնացել է դեպի հյուրանոց՝ զանգելու, Ժիրայր Մ.-ն ընկերների հետ նստել է մեքենա ու անմիջապես հեռացել է:

Տուժողին հյուրանոցի աշխատողներն ու նրա ընտանիքի անդամները տեղափոխել են հյուրանոցի ներսը, որտեղ շտապօգնության անձնակազմը բուժօգնություն է ցուցաբերել, ապա նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն ու ստացիոնար բուժում է ստացել:

Ժիրայր Մ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե իր ընկերներից ոչ մեկը տուժողին չի հարվածել, միայն ինքն է հարվածներ հասցրել: Ինքը լավ մարզավիճակում է եղել, նախկինում զբաղվել է բռնցքամարտով: Տուժողի կողոսկրերը կարող են կոտրված լինել իր հարվածներից: Երբ վայր ընկած տուժողին սկսել են օգնել հյուրանոցի աշխատողներն ու նրա ընտանիքի անդամները, իրենք, ավելորդ լարվածություն չառաջացնելու նպատակով, հեռացել են՝ վերադարձել են Երևան:

Հետագայում ինքն իմացել է, որ միջադեպի հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել, խորհրդակցել է իր փաստաբանի հետ ու ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Ամբաստանյալը պնդել է, թե բռունցքներով հարվածել է տուժողի մարմնի տարբեր մասերին, ոտքերով խփել է միայն ոտքերին, իր ձեռքին կողմնակի որևէ առարկա չի եղել: Միջադեպը, իր կարծիքով, տևել է մեկ-երկու րոպե: Ոչ ոք հայհոյանքներ չի տվել:

Միջադեպից որոշ ժամանակ անց տուժողը, չգիտես որտեղից իմանալով իր հեռախոսահամարը, զանգել է իրեն, մեծ գումարներ է պահանջել, սպառնացել է՝ եթե այդ գումարները չտա, կփոխի ցուցմունքները, կասի, թե հարվածներ հասցրել են մի քանի հոգով, զենքով էլ են հարվածել, իբր՝ իր մոտից խոշոր գումար են գողացել ու նմանատիպ այլ սպառնալիքներ է տվել:

Ինքը նրան ի սկզբանե ասել է՝ պատրաստ է հատուցել միայն մեքենային պատճառած վնասը ու նրա բուժման ծախսերը, այլ գումարներ չի տա: Տուժողը նշել է, թե սթրեսի է ենթարկվել, բարոյական վնասի հատուցում է պահանջել՝ 5-8 միլիոն դրամ, բայց ինքը չի համաձայնել: Ներկայումս էլ պատրաստ է հատուցել միայն իր պատճառած վնասները՝ մեքենային ու տուժողի առողջությանը, ո՛չ ավելի: Իր կարծիքով՝ տուժողի բացակայությամբ հատուցման որևէ հարց լուծել հնարավոր չէ:

Ամբաստանյալը խնդրել է հրապարակել դատարան չներկայացող տուժողի ու վկաների նախաքննական ցուցմունքները, քանի որ ինքը չի օգտվելու հակընդդեմ հարցման իր իրավունքից, չի ցանկանում դատարանում նրանց հարցաքննել:

Տուժողը նախաքննական ցուցմունքում ասել է, թե գիշերը իրեն արթնացրել, հյուրանոցի բակ են կանչել՝ ասելով, թե բակում կայանված իր մեքենային խփել են: Ինքը բակում տեսել է մի քանի անծանոթ տղաների, նրանք ասել են, թե պատահաբար են բախվել իր մեքենային ու պատրաստ են գումարի հետ կապված հարցերը կարգավորել: Ինքը կռացել, նայել ու տեսել է, որ աննշան քերծվածքներ են առաջացել իր մեքենայի հետևի «շթի» աջ կողմում՝ հնարավոր էր «պալիրովկայով» անցկացնել, ասել է. «Բան չի էղել, հերն էլ անիծած»: Ինքը ոչ մի կոպիտ արտահայտություն չի արել:

Բայց իր գլխին հանկարծ հարվածել են, ինքն «անջատվել է», ոչինչ չի հիշում, սթափվել է հիվանդանոցում… Հետագայում իմացել է, որ իրեն ծեծողների մեջ է եղել «Ժիրո» անունով մի տղա: Իրեն խնդրել են չբողոքել նրա ու մյուսների դեմ…

Դատարանը հաշվի է առել, որ Ժիրայր Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա խնամքին են կինն ու երկու տարեկան երեխան:

Ժիրայր Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժից: