Օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է, այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք չենք ասում կնքվել է համաձայնագիր, այո, նախաստորագրվել է, գործողություններ կլինեն, սակայն ենթադրում եմ՝ հետագա ստորագրման, վավերացման փուլերն իրենց կշռով գուցե նույնիսկ չկարողանան գերազանցել նախաստորագրմանը»,-հայտարարեց Միրզոյանը։
Ըստ Միրզոյանի նախաստորագրած պայմանագրում չկա մի դրույթ, որն էականորեն լավ է մի երկրի համար, վատ` մյուսի համար։
«Նախաստորագրած պայմանագիրն ու ստորագրած հռչակագիրը բխում են և կառուցված են երկու երկրների համար փոխշահավետությունից»,-հայտարարեց Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե աշխարհում շատ են եղել դեպքեր, երբ պայմանագրեր են խախտվել, այս դեպքում ո՞րն է երաշխիքը, որ օգոստոսի 8-ին նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը չի խախտվի։