Կարևոր է, որ աշխատանքների ընթացքը լինի առավելագույնս թափանցիկ․ Դավիթ Անանյան


Կարևոր է, որ աշխատանքների ընթացքը լինի առավելագույնս թափանցիկ․ Դավիթ Անանյան
Օգոստոս 27 20:44 2025

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը գրում է․

«Այսօրվա իշխանությունների վարքագիծն ու հանրային վստահության ճգնաժամը այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ ցանկացած գործընթացի կամ ամենահասարակ նախաձեռնության կամ նույնիսկ անհրաժեշտաբար պլանավորված ու նախանշված իրադարձությամ շուրջ հանրության մոտ բնականաբար առաջանում են չափազանցված մտահոգություններ։

Իմ օգոստոսի 26-ի ֆեյսբուքյան գրառման որոշ շեշտադրումներ հենց այդ տրամադրությունների արտացոլումն էին։ Դրանք, անկասկած, օբյեկտիվորեն գոյություն ունենալու իրավունք ունեն, քանի որ խոսքը վերաբերում է մեր ազգային հիշողության ու ինքնության ամենակարևոր խորհրդանիշներից մեկին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին։

Այնուամենայնիվ, մասնագետների կողմից ներկայացված պաշտոնական պարզաբանումների ֆոնին անհրաժեշտ է արձանագրել, որ իրավիճակն այլ է։ Հիմնանորոգման աշխատանքները, ինչպես փաստում են հենց հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, նպատակ ունեն լուծելու տարիներ շարունակ չլուծված տեխնիկական խնդիրները՝ ջրահեռացման և անվտանգության ապահովման նպատակով, առանց որևէ կերպ փոխելու հուշահամալիրի խորհրդանիշային ու ճարտարապետական տեսքը։

Այսուհետ կարևոր է, որ աշխատանքների ընթացքը լինի առավելագույնս թափանցիկ, հանրությանը մատուցվեն մասնագիտական բացատրություններ, որպեսզի ոչ մի կասկած չմնա այն մասին, որ մեր ժողովրդի սրբավայրի նկատմամբ վերաբերմունքը մնում է անխախտ»։