Իգոր Խաչատուրովը «թռե՞լ է» հոր գլխից․ Խաչատրյանն ու Խաչատուրովը բանավոր պայմանավորվածություն են ունեցել


Իգոր Խաչատուրովը «թռե՞լ է» հոր գլխից․ Խաչատրյանն ու Խաչատուրովը բանավոր պայմանավորվածություն են ունեցել
Փետրվար 1 20:40 2019

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը դատի է տվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը՝ Լորետա Բարսեղյանին:

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին. մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին:  Երեկ նախատեսված էր սույն գործով դատական նիստը, որը սակայն չի կայացել։ Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում նշեց Խաչատրյանների փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը։ Նա նշեց, որ գործի նյութերին ծանոթ չի եղել, դատական նիստում առաջարկել է գործի քննությունը հետաձգել, մինչեւ նյութերին ծանոթանալը։ «Դատական նիստը նշանակված էր հունվարի 31-ին, սակայն, քանի որ ես դատական նիստի մասին ծանուցվել եմ հունվարի 30-ին, ծանոթ չեմ եղել դատական գործի նյութերին, դատարանին խնդրել եմ հետաձգել նիստերը, մինչեւ ծանոթանամ գործի նյութերին, այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվել է»,- ասաց   փաստաբանը։

Մարտին Զիլֆուղարյանն ասաց, որ իսկզբանե  վիճահարույց հողատարածքի վրա շինարություն իրականացնելու վերաբերյալ Սուրիկ Խաչատրյանի եւ Յուրի Խաչատուրովի միջեւ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Նախկինում, նրանք այդ հարցի շուրջ հանդիպել պայմանավորվել են, եւ պատահական չէ, որ այդ տարածքը օգտագործվել է Սուրիկ Խաչատրյանի կողմից»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ Խաչատրյանն ու Խաչատուրովը դարձյալ կհանդիպեն եւ կքննարկեն խնդիրը։ «Հողատարածքի մի մասը պատկանում է Իգոր Խաչատուրովին, սակայն այդ փաստաթղթերը դատարան չի ներկայացվել, հետեւաբար հայտնի չէ, թե ինչքան հողատարածքի մասին է խոսքը։ Սակայն վստահ  կարող եմ ասել, որ Ս Խաչատրյանի եւ Յ Խաչատուրովի միջեւ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օգտագործվի այդ հողակտորը»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ դատարանն առաջարկել է կողմերին հաշտության գալ։ Ըստ Զիլֆուղարյանի Սուրիկ Խաչատրյանը պատրաստ է հաշտության եզրեր գտնել։ «Միաժամանակ, քանի որ երկու կողմերն էլ տարբեր տեղեր են գտնվում, դա այս պահին դժվար է, բայց վստահ եմ, որ  հարցին լուծում կտրվի։ Իսկ, թե ինչու է Իգոր Խաչատուրովը առաջ անցնում, եւ փորձում է հարցեր կարգավորել, դա արդեն իրեն պետք է հարցնել»,- ասաց Խաչատրյանների փաստաբանը։

Մեր դիտարկմանը, թե հնարավոր է Իգոր Խաչատուրովը հոր գլխից «թռել է», տեղի ունեցածը տեղափոխելով իրավական հարթություն, փաստաբանը նշեց, որ նման պնդում անել չի կարող, քանի որ չի զրուցել ոչ Յուրի, ոչ էլ Իգոր Խաչատուրովի հետ։

 

ArmDay.am