Լուծարվում է «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը, որն ընդգրկում է 5 բաժին՝ հետեւյալ գործառույթներով․ հանրապետական նշանակության ճանապարհների գնահատում, տեխնիկական առաջադրանքների կազմում, որակական վերահսկողություն, ճանապարհների անձնագրավորում, երթեւեկության ինտենսիվության չափում․ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Հաշվի առնելով, որ ՀՀ բեռնափոխադրումների 97 տոկոսը կատարվում է ավտոմոբիլային ճանապարհներով, այս ամենը խնդրահարույց է, որովհետեւ ՊՈԱԿ-ը փակվում է, եւ չի նշվում, թե որ կառույցը եւ ինչպես է իրականցնելու այս կարեւորագույն գործառույթները, եւ արդյոք որեւէ այլ կառույցում կան համապատասխան մասնագետներ»,- ասաց նա։
Գորգիսյանը հայտնեց, որ այս ամենի պարզաբանման համար նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հասկանալու համար, թե ովքեր եւ ինչպես են շարունակելու զբաղվել ճանապարհների վերահսկողության եւ կառավարման գործառույթներով, եւ ինչ է լինելու այդտեղ աշխատող մարդկանց ճակատագիրը ։