Ստրասբուրգից Երեւան ուղեւորության ճանապարհին ինձ հայտնի դարձավ, որ այսօր վաղ առավոտյան մահացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված, 44 օր հացադուլի մեջ գտնվող եւ միայն վերջին օրերին հացադուլից դուրս եկած Մհեր Եղիազարյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ակնդետ ուշադրությամբ հետեւում եմ դեպքի առնչությամբ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող տեղեկատվությանը, ինչպես նաեւ այս գործով իրադարձությունների զարգացմանը։
Որպես նախկին իրավապաշտպան եւ փաստաբան, միեւնույն ժամանակ խորապես մտահոգ եմ հետեւյալ հարցերի կապակցությամբ եւ հետամուտ ենք լինելու դրանց լուծմանը․
• 44 օր հացադուլի մեջ գտնվող անձի առողջական վիճակի վատթարացումը չէր կարող աննկատ մնալ այն մարմինների համար, որոնք պարտավոր էին ապահովել նրա կենսաապահովման պայմանները։ Հետեւաբար, առաջանում է հիմնավոր կասկած, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց մոտ առկա է առնվազն անփույթ եւ ամենաթող վերաբերմունք սեփական պարտավորությունների կատարման ոլորտում, ինչը հանգեցրել է անդառնալի հետեւանքների։ Անհրաժեշտ է այս գործի ամբողջական եւ բազմակողմանի հետաքննություն, մեղավոր անձանց հայտնաբերում եւ պատասխանատվության ենթարկում, որպեսզի ապագայում բացառվի նման ողբերգական դեպքերը։
• Մհեր Եղիազարյանը մեղադրվում էր գույքային բնույթի հանցագործություն կատարելու մեջ։ Արդյոք բավարար են եղել կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրելու միջնորդության հիմքերը։
• Արդյոք ԱԺ երկու պատգամավորների խափանման միջոցը փոխելու երաշխավորությունները եւ գրավի միջնորդությունը պատշաճ քննության առարկա են դարձել:
• Արդյոք քրեական հետապնդում իրականացնող մարմինները, տվյալ պարագայում՝ քննչական մարմինը, պատշաճ ջանասիրություն է ցուցաբերել Մհեր Եղիազարյանի գործով նախաքննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու ուղղությամբ, որպեսզի բացառվեր մեղադրյալի՝ կալանքի տակ անհարկի մնալը։
Համակ ուշադրությամբ հետեւելում եմ այս գործով բոլոր մանրամասներին։ Պետք է ամեն ինչ անել, որ պատկան մարմինները ձեռնամուխ լինեն այս ողբերգական դեպքի մեղավորների հայտնաբերման եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ցավակցություններս Մհեր Եղիազարյանի հարազատներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ»: