ՀՀ նոր իշխանություններն աստիճանաբար սկսում են ձեռնամուխ լինել պետական խորհրդանիշների փոփոխման գործին։ Այսպիսի ազդակներ կային վաղուց, սակայն երեկ քաղաքական էլիտայի ներկայացուցիչներից Ալեն Սիմոնյանը, ով վերջերս է ստանձնել ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` այ սա հզոր օրհներգ է, որն համապատասխանում է բոլոր պահանջներին․խոսքը Արամ Խաչատրյանի Գայանեի III գործողության (1942) հերոսական հատվածներից մեկի երաժշտության մասին է։
Նշենք, որ այդ երաժշտությունը հանդիսացել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական օրհներգը (1944 - 1991 թթ.): Բազմիցս բողոքներ են հնչել ներկայիս պետական օրհներգի շուրջ, այդ թվում նաև նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից։ Մասնավորապես՝ շատ է խոսվում, որ օրհներգի մեղեդին շատ տխուր է, իսկ օրհներգը որպես կանոն, լինում է ավելի ոգեշնչող, առաջ մղող և ազդարարող։ Բացի այդ դժգոհություններ կան նաև խոսքերի հետ կապված, որոնք վերցված են Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Ասվում է, որ «մահ» և «մեռնել» բառերը չի կարելի հիմնի մեջ այդքան կրկնել և այլն։
Ավելորդ չի լինի ասել, որ հանրության մոտ ևս տարիների ընթացքում առաջացել է օրհներգի փոփոխության պահանջ, և նոր իշխանությունները կարծես պատրաստվում են հետամուտ լինել։ Հատկանշական է, որ Սիմոնյանի հետ համակարծիք է նաև, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ով ոչ միայն ներկայիս օրհներգին է դեմ, այլև՝ զինանշանին։ «Այո, օրհներգը այս ստեղծագործությունը պետք է լինի, ոչ թե այսօրվա ողբն ու լացը և պարզունակ մելոդիան և զինանշանն էլ պետք է ենթարկվի փոփոխությունների»․-արձագանքել է Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ներկայիս օրհներգն ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թ. մարտի 15-ին, որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը։ Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին:
Վաչիկ Գրիգորյան