Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Զինա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել, որում նշված է, որ Սարգիս Սարգսյանը, ով ներկայացել է որպես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսանի հորեղբոր որդի, վիրավորանքներ է հնչեցրել մարզպետի կատարած պարգևատրումների մասին գրելու համար:
ArmDay.am-ի հետ զրույցում օգտատերը նշեց, որ մշտապես արձագանքել է քաղաքական անցուդարձին, սակայն երբևէ վիրավորական խոսքեր չի հնչեցրել որևէ մեկի հասցեին:
Զինա Սաֆարյանը նաև նշել է, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն սահմանափակել իր խոսքի ազատությունը, անձնական վիրավորանք հասցնել,հայհոյել, պատասխանատվության կենթարկվեն:
«Ով ուզում եք եղեք, ում բարեկամը ուզում եք եղեք։ Ես իմ չափը երբեք չեմ անցել, չեմ անցնի, գրառումներիս մեջ անուն չեմ տվել, չեմ տալիս, ոչ մեկի չեմ վիրավորել, չեմ վիրավորելու։ Ոչ մի քաղաքական ուժի հետ ես չեմ համագործակցում ու չեմ էլ պատրաստվում։ Ինչ տեսնեմ էդ էլ բարձրաձայնելու եմ, էս երկիրը ձեր հոր տնից չեք բերել, որ մենակ-մենակ ճակատագիր որոշեք»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը վերջերս պարգևատրումներ էր արել` խախտելով սահմանված դրույքաչափը: Օրենքը նախատեսում է պարգատրում մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով, մինչդեռ մարզպետ Սարգսյանը պարգատրել է դրույքաչափը գերազանցող՝ 104.5%-ի չափով: