Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունն արդեն ամիսներ շարունակ խուսափում է պատասխանել ArmDay.am-ի կողմից ուղարկված պաշտոնական հարցմանը։ Սա արդեն որպես իրողություն կարող ենք արձանագրել, քանի որ արդեն երկրորդ ամիսն է ընթանում, ինչ Armday.am-ի կողմից Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին ուղղված գրավոր հարցման պատասխանը չենք ստանում։
Մասնավորապես՝ 2018թ-ի դեկտեմբերի 13-ին հարցումն ուղարկվել է, ակնկալիքով, որ օրենքով սահմանված կարգի համաձայն, հասցեատերը կպատասխանի 5-օրյա ժամկետում, սակայն 5 օր անց չպատասխանելուց հետո կարծեցինք, թե լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվություն է անհրաժեշտ հասեցեատիրոջը և սպասեցինք ևս 30 օր։ Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Այնուհետև սահմանված ժամկետի ավարտից հետո կապ հաստատեցինք Հանրային Հեռուստաընկերության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ հարցումն ուղարկված է, սակայն այդ բաժնի լիազորությունները չեն համապատասխանում հարցման բովանդակությանը։
Այնուհետև հարցումն ուղարկեցինք ՀԸ պաշտոնական կայքում հրապարակված բոլոր էլեկտրոնային հասցեներով, ինչից հետո մեզ հետ կապ հաստատեց ՀԸ գործադիր տնօրենի օգնականը(Արմինե), ով մեզ փոխանցեց բոլորիվին այլ Էլեկտրոնային հասցե որը, ի դեպ, նշված չէ պաշտոնական կայքում, և մենք այդ հասցեով ևս ուղարկեցինք պաշտոնական հարցումը(01.17.19թ)՝ հույս ունենալով, որ այսքանից հետո կստանանք օրենքով սահմանված տեղեկատվությունը։
Այսօր՝ հունվարի 22-ին, ArmDay.am-ի խմբագրություն է զանգահարել Հանրային հեռուստաընկերության իրավաբանական բաժնի աշխատակիցը (Հայկ), հայտնելով, որ հարցման մեջ բացակայում են որոշակի կետեր․ հարցումն իրականացնողի քաղաքացիությունը, հասցեն և այլն, որոնք որևէ առընչություն չունեն բովանդակության հետ։
Փաստացի՝ Հանրային Հեռուստաընկերությունը, դիմելով իրավաբանական մանիպուլյացիաների, խուսափում է պատասխանել ArmDay.am-ի կողմից ուղարկված հարցմանը։
Կարող ենք ենթադրել, որ մեր կողմից բարձրացրած չափազանց կարևոր հարցերը, որոնք վերաբերում են ՀՀ պետական բյուջեի հաշվին Հանրային Հեռուստաընկերության անօրինական հարստացմանը, մնում են անպատասխան։ Բացի այդ ՀԸ տնօրինությանն ուղղված հարցման միջոցով փորձել էինք ճշտել, թե ո՞ր կազմակերպության հետ պայմանագրի շրջանակներում է Հանրային Հեռուստաընկերությունը ցուցադրում իր հաղորդումները ԱՄՆ-ում, և արդյո՞ք տվյալ կազմակերպությունն ունի իրավունք գովազդներ ցուցադրել և շահույթ ստանալ տեղի գործարարներից, իսկ եթե ունի, որտե՞ղ են ուղղվում այդ եկամուտները։
Հանրային հեռուստաընկերության տնօրինուհու գրավոր հարցմանը չպատասխանելու դրդապատճառն ավելի քան հասկանալի է։ Սակայն ցանկանում ենք ընդգծել, որ շարունակելու ենք պահանջել, որպեսզի ՀՀ հպարտ քաղաքացիների (եւ ոչ միայն) հարկերի հաշվին ֆինանսավորվող հեռուստաընկերության տնօրինությունը հաշվետու լինի նույն այդ քաղաքացիների առաջ։ Իսկ առայժմ արձանագրենք, որ թավշյա հեղափոխությունը շրջանցել է Մարգարիտա Գրիգորյանին։ Նա զբաղված է Նիկոլ Փաշինյանի իմիջի ձեւավորմամբ, ինչպես դա անում էր ամիսներ առաջ, երբ երկրում «ասողը» Մարգարիտա Գրիգորյանի սիրելի Սերժ Սարգսյանն էր։
ArmDay.am