Նոր մանրամասներ Ֆրանկլին Գոնսալեսի գործից


Նոր մանրամասներ Ֆրանկլին Գոնսալեսի գործից
Հունվար 22 13:02 2019

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունն ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Նարեկ Սարգսյանի, նույն ինքը՝ Ֆրանկլին Գոնսալեսի գործով մանրամասներ իմանալու համար Armday.am-ը կապ հաստատեց ՀՀ  գլխավոր դատախազության  հետ:

«Նարեկ Սարգսյանը շարունակում է պահվել արգելանքի տակ, և նրա նկատմամբ էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հունվարի կեսին կալանքի ժամկետի լրանալու  հետ կապված թյուրըմբռնում է եղել:

«Ինչ վերաբերում է հունվարի կեսերին ժամկետի լրանալուն, նշեմ, որ  40 օրը վերաբերում է ո՛չ թե նրան, որ պետք է այդ ժամկետում արտահանձնվի, այլ նրան, որ 40 -օրյա ժամկետում պետք է ներկայացվեր միջնորդություն, ինչը  ժամանակին՝ դեկտեմբերի 28-ին, արվել է»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ  միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ. հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: