«Սասնա ծռերի» քարտուղարությունն ինձ հետ զրույց չի ունեցել, որ մեր միջեւ կա մոտեցումների անհամատեղելիություն. թեկնածու


«Սասնա ծռերի» քարտուղարությունն ինձ հետ զրույց չի ունեցել, որ մեր միջեւ կա մոտեցումների անհամատեղելիություն. թեկնածու
Դեկտեմբեր 7 13:56 2018

«Սասնա Ծռեր» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու Լիանա Ստեփանյանն արձագանքել է կուսակցության հայտարարությանը, որտեղ նշվում է, որ իր հետ անհամատեղելի մոտեցումներ են առաջացել:

Թեկնածուն հայտարարություն է տարածել, որտեղ նշում է.

«Հայտնում եմ, որ ինքս եմ ցանկանում  ստանալ հրապարակային բացատրություն, մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունից` արված հայտարարության վերաբերյալ: Նշեմ, որ անձամբ ինձ հետ քարտուղարությունը չի ունեցել զրույց այն մասին, որ մեր միջեւ կա մոտեցումների անհամատեղելիություն: Կարծում եմ՝ այս հայտարարության հիմքում ընկած է տարրական թյուրըմբռնում:

Լիահույս եմ, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը կտա սպառիչ բացատրություն, որով կհաստատի այն, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, որի հիմնադիր անդամն եմ հանդիսանում ես՝ Լիանա Սամվելի Ստեփանյանս, հիրավի հանդիսանում է արդարության, ժողովրդավարության, ազնվության, բազմակարծության, լայնախոհության, իրավունքի գերակայության, օրինապահության, հանդուրժողականության սկզբունքների կրողն ու իրացնողը»: