Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ Մեր քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել համաձայնագրի նախաստորագրված տեքստը։ Իհարկե, կան նաեւ առարկայական քննադատություններ։ Այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Դրանցից առաջինը վերաբերվում է Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։
Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները սկսվել են 2022 թվականի գարնանից եւ մենք այդ հարցը Համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել։ Բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը Համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետոյի հարց է, իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում։ Եվ այդ կանխավարկածով չառաջնորդվելու արդյունքում է, որ Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից եւ եթե հարցը թողնված լիներ Խաղաղության համաձայնագրին, դա կարող էր եւ տեղի չունենալ եւ մեծ հավանականությամբ տեղի չէր ունենա։ Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությանը վերջերս ականատես եղաք»,-հայտարարեց Փաշինյանը։