Բելառուսն ու Հայաստանը ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում իրականացնելու են չորս համատեղ նախագիծ


Բելառուսն ու Հայաստանը ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում իրականացնելու են չորս համատեղ նախագիծ
Նոյեմբեր 28 21:20 2018

Բելառուսի եւ Հայաստանի գիտնականները Եվրոպական միության «Հորիզոն 2020» գիտության եւ նորարարությունների ծրագրով տնտեսագիտության, գիտության եւ կրթության, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում չորս համատեղ նախագծեր կիրականացնեն:

Հայ-բելառուսական համատեղ գիտական եւ տեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստում այս մասին  հայտարարել է  Բելառուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը:

Բելառուսի Հիմնարար հետազոտությունների հանրապետական հիմնադրամի եւ գիտա-տեխնիկական նախագծերի բելառուսա-հայկական մրցույթի միջոցով երկկողմ գիտական եւ տեխնիկական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է: Մրցույթի արդյունքներով՝ Բելառուսի և Հայաստանի գիտական, տեխնիկական եւ նորարարական համագործակցության գործադիր 2019-2020 թթ. ծրագրում ընդգրկվել են չորս նախագծեր՝ նանոտեխնոլոգիաների, կենսաֆիզիկայի, բջջային ինժեներիայի եւ էկոլոգիայի ոլորտներում: «Սրանք գլոբալ, լուրջ նախագծեր են, որոնք գտնվում են գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացի կիզակետում»,- ասել է Ալեքսանդր Շումիլինը:

Ներկայում Հայաստանում Բելառուսի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Չինաստանի եւ այլ երկրների հետ իրականացվում են ավելի քան 100 գիտական եւ տեխնիկական նախագծեր: «Բելառուսը մեր հիմնական գործընկերն է, որի հետ մենք արդյունավետորեն աշխատում եւ համագործակցում ենք գիտատեխնիկական ոլորտում, եւ մենք կշարունակենք զարգացնել եւ ամրապնդել այդ շփումները», -նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Կողմերը քննարկել են նաեւ գիտական, տեխնիկական եւ նորարարական համագործակցության ընդլայնման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում ` ՏՀՏ ոլորտում նոր նյութերի, արդյունաբերական եւ լազերային տեխնոլոգիաների, դեղերի եւ դեղագործության ոլորտներում համատեղ բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացման հեռանկարները:

Հայկական պատվիրակության Մինսկ կատարած այցը կտեւի մինչեւ դեկտեմբերի 1-ը: Նախատեսվում է այցելել Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիա, տեխնոլոգիական պարկեր, մասնակցել գիտության, տեխնոլոգիայի եւ նորարարության ոլորտում համագործակցության միջպետական խորհրդի 23-րդ հանդիպմանը: