1in.am-ը գրում է․
Գործը դատավոր Աննա Մաթևոսյանի վարույթ ընդունվելու պահին կալանքի տակ էին երկու ամբաստանյալները՝ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը:
Թաթուլ Շուշանյանը կալանքից ազատ էր արձակվել 2018 թվականի հոկտեմբերի 20-ին ՔԿՀ պետի հրամանով, քանի որ այդ պահին լրացել էր Շուշանյանին կալանքի տակ պահելու ժամկետը, իսկ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշում առկա չէր:
Ստեղծված իրավիճակը մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի բնութագրմամբ՝ աննախադեպ է՝ գոնե ինքը չի հիշում, որ դատարաններն այսօրինակ ձևով աչքաթող արած լինեին առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվողի խափանման միջոցի հարցը:
Ընդ որում՝ տվյալ աննախադեպ իրավիճակն առաջացել է մի քանի դատարանների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի մասնակցությամբ:
Այս գործի դատական ճակատագիրն ի սկզբանե շատ յուրահատուկ ձևով է դասավորվել՝ գործը դատարանները միմյանց «պաս» են տվել, հետո դիմել են Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծումը գտնելու համար:
Սկզբում գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորքում գտնվող նստավայր: Դատավոր Արման Հովհաննիսյանը որոշում է կայացրել ու գործն ըստ ընդդատության 2018 թվականի սեպտեմբերի 17-ին ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը գործի ընդդատությունը որոշելու համար 2018 թվականի հոկտեմբերի 1-ին այն ուղարկել է ՀՀ Վճռաբեկ դատարան, որտեղից գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայր: Գործը սկզբում մակագրվել է վերաքննիչ դատարան տեղափոխվող Արշակ Վարդանյանին, այնուհետև մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, ով նախկինում որոշում էր կայացրել այս գործով ամբաստանյալների նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ: Տաթևիկ Գրիգորյանը 2018 թվականի նոյեմբերի 9-ին ինքնաբացարկ է հայտնել : Եվ վերջապես գործն ընդունվել է դատավոր Աննա Մաթևոսյանի վարույթ…
Դատարանից դատարան, դատավորից դատավոր դեգերումների ընթացքում էլ դատարանները աչքաթող են արել, չեն անդրադարձել այն հարցին, որ Թաթուլ Շուշանյանի կալանքի ժամկետը լրանում էր 2018 թվականի հոկտեմբերի 20-ին: Ընդ որում՝ մինչ այդ՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Թաթուլ Շուշանյանն արդեն մեկ անգամ կալանքից ազատ էր արձակվել գրավի կիրառմամբ, և դատարանի այս որոշումը վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունիսի 20-ին բեկանել էր՝ անթույլատրելի ճանաչելով Շուշանյանի նկատմամբ գրավի կիրառումը, Շուշանյանը նորից առնվել էր կալանքի տակ, որից ազատվել է կալանքի ժամկետը լրանալու, խափանման միջոցի վերաբերյալ նոր դատական որոշում չլինելու պատճառով:
Մեղադրող դատախազը դատավոր Աննա Մաթևոսյանի վարույթ ընդունված գործով միջնորդություն էր ներկայացրել՝ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պահանջով:
Կալանքի տակ գտնվող երկու ամբաստանյալների՝ Արտակ Հովհաննիսյանի ու Արայիկ Ներսիսյանի շահերի պաշտպաններն էլ միջնորդություններ էին ներկայացրել իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանավորումը վերացնելու, որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելու կամ՝ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու կամ՝ ԱԺ երեք պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու պահանջներով:
Նախկինում իրավապահ բարձր պաշտոն զբաղեցրած Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջարդված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախկին ՀԿԳ քննիչ Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նախկին ՀԿԳ քննիչ Արայիկ Ներսիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, քրեական աշխարհում ճանաչված «Ալավերդցի Վահագի», ինչպես նաև Վլադիմիր Դավթյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև անգործություն դրսևորելու համար «Ալավերդցի Վահագից»՝ Վահագն Աբգարյանից պահանջել ու անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Ըստ մեղադրանքի՝ ՀԿԳ նախկին քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը նույնպես չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, իսկ Արտակ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, նաև խոշոր չափերի՝ 500 դոլար կաշառք է վերցրել:
Գործի նախապատմությունը հետևյալն է՝ 2017 թվականի հունիսի 13-ին, ժամը 12-ն անց 10 րոպեին Վլադիմիր Դավթյանը Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող ծաղկի խանութից «Մակարով» ատրճանակով կրակել ու սպանել է փողոցում գտնվող Կամո Փիրուզյանին: Վլադիմիր Դավթյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:
Գործի քննության ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը վարույթն իրականացնող մարմնին գրավոր տեղեկացրել է, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ Կամո Փիրուզյանի սպանությունը ոչ թե սպանողի ու սպանվածի անձնական թշնամության արդյունք է, այլ՝ կազմակերպված է եղել «Ալավերդցի Վահագի» կողմից՝ մի շարք այլ անձանց օժանդակությամբ, այսինքն՝ պատվերով սպանություն է:
Ըստ մեղադրանքի՝ հիշյալ գործի քննության ընթացքում էլ ներկա քրեական գործով ամբաստանյալներ Թաթուլ Շուշանյանը, ով անձնական հանդիպումներ ու զրույցներ է ունեցել «Ալավերդցի Վահագի» հետ, ինչպես նաև նրա անմիջական ենթականեր՝ տվյալ վարչության ՀԿԳ քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը, անձնական շահագրգռվածություններ ունենալով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:
Ներկա քրեական գործի դատական քննության նախապատրաստական նիստում քննության առնվեցին ամբաստանյալների խափանման միջոցների հարցերը՝ մեղադրողի և տուժող ճանաչված՝ Կամո Փիրուզյանի կնոջ ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունները՝ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ որպե խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչպես նաև կալանքի տակ գտնվող Արտակ Հովհաննիսյանի ու Արայիկ Ներսիսյանի շահերի պաշտպանների միջնորդությունները՝ իրենց պաշտպանյալների կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ:
Դատական նիստն ընթացավ բավական լարված մթնոլորտում, կողմերը միմյանց վերաբերյալ կոնկրետ կամ մշուշապատ շատ արտահայտություններ արեցին:
Նիստի սկզբում Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, թե մեղադրողին սպասելու կարիք չկա, տվյալ փուլում մեղադրողի մասնակցությունը պարտադիր չէ. «Ի՞նչ կապ ունի մեղադրողը»:
Նախագահող դատավորը մեջբերեց Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումից հատված՝ քրեական գործը դատական քննության նշանակելու նախապատրաստական նիստում, երբ դատարանը քննարկում է հետագա խափանման միջոցների հարցը, «անձի արդար դատաքննության իրավունքը կարևորելով՝ պետք է ապահովել ինչպես պաշտպանական, այնպես մեղադրանքի կողմի ներկայությունը»:
Մի ժամանակ այս՝ նախապատրաստական փուլը դատարանն իրականացնում էր միանձնյա, փակ դռների հետևում, իսկ այսօր՝ Սահմանադրական դատարանի որոշման լույսի ներքո, նախապատրաստական նիստը ոչ միայն կողմերի մասնակցությամբ, այլև հրապարակային ու դռնբաց է անցկացվում:
Ըստ Հայկ Ալումյանի՝ նախորդ դատավոր Տաթևիկ Գրիգորյանն անհիմն կերպով էր ինքնաբացարկ հայտնել, դատարանի այդ որոշումը իրենց կողմից բողոքարկվել է:
Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, թե նախագահող դատավոր Աննա Մաթևոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ուներ, սակայն քանի որ գործով ևս երկու ամբաստանյալներ կան, ովքեր «ակնհայտ ապօրինի կերպով» կալանքի տակ են ու անհապաղ պետք է ազատվեն կալանքից, չի ներկայացնում ինքնաբացարկի միջնորդությունը, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա քննելու պաշտպանական կողմի միջնորդությունները: Միևնույն ժամանակ Հայկ Ալումյանը հայտարարեց, թե Աննա Մաթևոսյանի նախագահությամբ դատարանը չի կարող համարվել օրենքի հիման ստեղծված դատարան, ինչ էլ որ քննի՝ ապօրինի է լինելու, քանի որ նախորդ դատավոր Տաթևիկ Գրիգորյանն անհիմն է ինքնաբացարկ ներկայացրել…
Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը Հայկ Ալումյանին հակադարձեց, որ հասկանում է իր գործընկերոջը՝ վերջինս չի ցանկանում, որ առաջինը քննվի իր պաշտպանյալ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, մինչդեռ, ըստ Լուսինե Սահակյանի՝ Թաթուլ Շուշանյանն ակնհայտ ապօրինի կերպով է գտնվում ազատության մեջ. «Յուրաքանչյուր րոպե, որ նա ազատության մեջ է, սպառնալիք ու լուրջ խնդիր է քրեական գործի համար»: Ըստ Լուսինե Սահակյանի՝ այս գործը հատկապես այն գործերից է, որը պետք է հրապարակային լինի ու լուսաբանվի:
Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը:
Արայիկ Ներսիսյան՝ ծնված՝ 1988 թվականին, մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, Արտակ Հովհաննիսյան՝ ծնված՝ 1978 թվականին, բարձրագույն կրթությամբ, խնամքին 2 անչափահաս երեխա, Թաթուլ Շուշանյան՝ ծնված՝1980 թվականին, բարձրագույն կրթությամբ, խնամքին՝ 2 մանկահասակ երեխա՝ 4 և 9 տարեկան:
Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը, ներկայացնելով իր միջնորդությունը, նշեց, որ Թաթուլ Շուշանյանը ՔԿՀ-ից ազատ է արձակվել դատարանների կողմից «թյուրիմացաբար» նրա կալանքի հարցը չքննելու արդյունքում, Թաթուլ Շուշանյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացված չեն: Նա, ազատության մեջ գտնվելով, կարող է թաքնվել քննությունից, ինչպես նաև օգտագործելով իր կապերը, ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա: Մեղադրողը նշեց, որ Շուշանյանի շահագրգռվածության ու միջամտության արդյունքում Վլադիմիր Դավթյանի կատարած սպանության գործով բազմակողմանի քննություն չի կատարվել: Ըստ գաղտնալսումների՝ Թաթուլ Շուշանյանը մի քանի անգամ հանդիպել է Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագի» հետ, վերջինս ցանկացել է, որ սպանության գործը քննվի որպես սպանողի ու սպանվածի անձնական թշնամության պատճառով կատարված, ոչ թե պատվիրված սպանություն: Ըստ գործի նյութերի՝ «Ալավերդցի Վահագը» 7-8 հազար դոլար կաշառք է տվել Թաթուլ Շուշանյանին, ապա մի մասը հետ է պահանջել ու իր ուղարկած անձի՝ Արթուր Մ.-ի միջոցով հետ է ստացել 4 հազար դոլարը…
Մեղադրողը հիշատակեց Թաթուլ Շուշանյանին մեղսագրված արարքի հանրային բարձր վտանգավորությունը, այն, որ այդ արարքի համար օրենքով խիստ պատիժ՝ մինչև 12 տարի ազատազրկում է նախատեսված՝ սրանք պատճառներ են, որոնք կարող են դրդել Շուշանյանին՝ ազատության մեջ գտնվելով՝ թաքնվել քննությունից: Նկատի ունենալով, որ մարզային քննչական վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Թաթուլ Շուշանյանը կապեր է ունեցել հանցավոր աշխարհի ներչկայացուցիչ «Ալավերդցի Վահագի» հետ, բավարար հիմքեր կան կասկածելու, որ նա, իր այլ կապերն էլ օգտագործելով, կազդի գործով անցնող անձանց վրա: Բացի այդ, ըստ մեղադրողի, բավարար հիմքեր կան, որ այս գործով չարաշահումներ են կատարել նաև այլ պաշտոնատար անձինք, որոնց վերաբերյալ դեռ քննությունը շարունակվում է, Շուշանյանը, ազատության մեջ մնալով, կարող է ազդել նաև այդ քննության վրա…
Ըստ մեղադրողի՝ բացի կալանավորումից՝ այլ խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու Թաթուլ Շուշանյանի պատշաճ վարքագիծը:
Պատասխանելով նախագահողի հարցին՝ ազատություն դուրս գալուց ի վեր Շուշանյանի դրսևորած պատշաճ վարքագծի վերաբերյալ, մեղադրողն ասաց, թե կարճ ժամանակահատվածում դրսևորած վարքագիծը չի կարող նշանակել, թե նա հետագայում էլ պատշաճ վարքագիծ կդրսևորի:
Մեղադրողը նշեց՝ երբ այս գործով երեք ամբաստանյալները գրավով ազատ էին արձակվել, գործով առանցքային վկա Արթուր Մ.-ն լքել է Հայաստանը՝ վախենալով իր անվտանգության համար, նրա նկատմամբ բռնություն էլ էր գործադրվել՝ փորձ էր արվել նրան գետը գցելու, այդ մասին հայտնել են լրատվամիջոցները…
Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը ավելի կոնկրետացրեց Թաթուլ Շուշանյանի՝ կալանքից ազատվելու համար «մեղավորի հասցեն». «Վճռաբեկ դատարանի նման վարքագծի արդյունքում է Շուշանյանը հայտնվել ազատության մեջ»: Այսինքն՝ երբ գործի ընդդատությունը որոշելու համար այն ուղարկվել է Վճռաբեկ դատարան, վերջինս գործը այնպիսի ժամկետում է ուղարկել Կենտրոնի նստավայր, որ դատարանը այլևս չէր հասցնի Շուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնել: Մինչ այդ՝ կա Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Շուշանյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարող, այդ որոշումը բեկանված չէ, վերաքննիչ դատարանը որոշել է, որ Շուշանյանը պետք է գտնվի անազատության մեջ, վերաքննիչ դատարանի նշած հիմքերը վերացած չեն, այդ որոշումից հետո «բացարձակ ոչինչ չի փոխվել…»:
Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը մեղադրողի օգտագործած՝ դատարանների կողմից Շուշանյանի խափանման միջոցի հարցին «թյուրիմացաբար» չանդրադառնալու ձևակերպումը «գեղարվեստական ձևակերպում» անվանեց. «Սա արվեստի գոծիչների սիմպոզիումից պիտի տարբերվի… Կոնկրետ ո՞ր դատարանին էր վերաբերում «թյուրիմացաբար» բառը, «թյուրիմացաբարը» իրավական կատեգորիա չէ…»:
Հայկ Ալումյանն ընդգծեց. «Ոչ մի դատավարական գործիք չկա Շուշանյանին նորից կալանքի տակ առնելու… Հանցավոր աշխարհի հեղինակություններ են ազատ արձակվում գրավով, դրա մեջ դատախազությունը պրոբլեմ չի տեսնում… Հանցավոր աշխարհի հեղինակություններին այնքան վտանգավոր չեն համարում, որքան իրավապահ մարմինների նախկին պաշտոնատար անձանց… Նպատակ են դրել, որ միայն փաստարկներ բերեն՝ Թաթուլ Շուշանյանին կալանքի տակ առնելու համար…»:
Թաթուլ Շուշանյանը միացավ իր պաշտպաններին՝ պահանջելով մերժել մեղադրողի միջնորդությունը. «Ինձ համար, որպես իրավաբանի, անհասկանալի է՝ առաջադրված մեղադրանքի հետ ես կապ չունեմ… ոչինչ չեմ կատարել…»:
Թաթուլ Շուշանյանն ասաց՝ եթե ինքը ցանկություն ունենար քննությունից թաքնվելու, վաղուց թաքնված կլիներ: Նա հիշատակեց նաև, որ հանրապետությունում «իրավիճակ է փոխվել», իրեն կալանքի տակ պահելու հիմքեր ինքը չի տեսնում ո՛չ տեսականորեն, ո՛չ պրակտիկորեն…
Ընդհանրապես՝ այս գործի շրջանակներում է ինքը հասկացել, որ ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցնելը կարող է բացասական երևույթ դիտվել, եթե իմանար՝ այլ գործունեությամբ կզբաղվեր, ոչ թե ծառայության մեջ առաջ կգնար: Լրատվամիջոցները իր վերաբերյալ ինչ ասես գրել են՝ խախտելով իր անմեղության կանխավարկածն ու անտեսելով իր անցած ուղին…
Թաթուլ Շուշանյանը դիմեց դատարանին. «Իմ նկատմամբ խափանման միջոց ընտրելու կարիք չկա, անհրաժեշտության դեպքում ես միշտ ներկայանում եմ, որևէ պաշտոնատար անձի հետ շփումներ չունեմ… Հանրապետությունում էլ ահագին բան է փոխվել, ցանկություն էլ չկա հին կապերը օգտագործելու… Ինձ առաջադրված մեղադրանքը կարդում, բան չեմ հասկանում… Նաև նկատի ունեցեք, որ երկու մանկահասակ երեխա ունեմ, նրանք ինը ամիս մնացել էին առանց իմ խնամքի և ուշադրության…
Ես շատ ուշադիր մարդ եմ իմ ընտանիքի նկատմամբ…»:
Քանի որ աշխատանքային օրն ավարտվել էր, դատարանը ցանկանում էր հետաձգել նիստը, բայց կողմերը ընդվզեցին ու միահամուռ պահանջեցին նիստը շարունակել, լսել բոլոր միջնորդությունները, քանի որ կալանքի տակ գտնվողները րոպե առաջ ցանկանում են դուրս գալ ազատություն, իսկ մեղադրանքի կողմի, նաև՝ տուժողի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի կարծիքով՝ Թաթուլ Շուշանյանը պետք է րոպե առաջ նորից կալանքի տակ առնվի՝ գործի շահերից ելնելով…
Կողմերը չառարկեցին, որ նիստը շարունակվի, մինչև բոլոր միջնորդությունները ներկայացվեն: Դատարանը որոշեց նիստը շարունակել:
Արայիկ Ներսիսյանի ու Արտակ Հովհաննիսյանի շահերի պաշտպանները միջնորդեցին վերացնել իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանավորումը, կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց կամ՝ կիրառել գրավ կամ՝ անձնական երաշխավորություն: Արտակ Հովհաննիսյանի համար միջնորդեցին որպես գրավ ընդունել նրա տունը, իսկ Արայիկ Ներսիսյանի համար առաջարկվեց 2 միլիոն դրամ գրավի չափը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում