Պետք է ջանքեր՝ ապացուցելու, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետապնդումը չունի քաղաքական դրդապատճառ. Ռուբեն Մելիքյան


Պետք է ջանքեր՝ ապացուցելու, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետապնդումը չունի քաղաքական դրդապատճառ. Ռուբեն Մելիքյան
Նոյեմբեր 2 11:27 2018

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքին։

Մելիքյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուշադրությամբ հետևում եմ հանրային մեծ հնչեղություն ունեցող հերթական քրեական հետապնդմանը վերաբերող զարգացումներին. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին։

Հայտնի ձայնագրության հրապարակումից հետո ՀՀ քրեական հետապնդման մարմինները, կարծում եմ, պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն հանրությանը, առաջին հերթին՝ իրավապաշտպանական համայնքին (հայրենական և միջազգային) ապացուցելու, որ այս քրեական հետապնդումը չունի քաղաքական դրդապատճառ, իրականացվում է ՀՀ քրեադատավարական ու քրեական օրենքին, ինչպես նաև մեր պետության համար կիրառելի միջազգային իրավունքին համապատասխան։

Շարունակելու եմ հետևել գործով զարգացումներին, մասնավորապես կողմերի հրապարակային հայտարարություններին, իրավասու մարմինների որոշումներին ու գործողություններին։ Կարծում եմ, լրացուցիչ անդրադարձի կարիք է լինելու»։