«․․․հեռու մնա իմ ընտանիքից». Հրազդանում 27-ամյա երիտասարդը դաժան ծեծի է ենթարկել իր սիրուհու նախկին ամուսնուն


«․․․հեռու մնա իմ ընտանիքից». Հրազդանում 27-ամյա երիտասարդը դաժան ծեծի է ենթարկել իր սիրուհու նախկին ամուսնուն
Նոյեմբեր 1 18:53 2018

1in.am-ը գրում է․

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Գագիկ Ք.-ի և Անդրանիկ Ղ.-ի գործի դատական քննությունը:

27-ամյա Գագիկին մեղադրանք էր առաջադրվել տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա առողջությանը թեթև աստիճանի վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով, իսկ Գագիկի 26-ամյա ընկերոջը՝ Անդրանիկին, մեղադրանք էր առաջադրվել նույն տուժողին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ դատական ակտի՝ 2018 թվականի մայիսի 1-ին, ժամը 13-ի սահմաններում Գագիկն ու Անդրանիկը Հրազդանում հանդիպել ու ծեծի են ենթարկել Արշակ Հ.-ին (անունը փոխված է):

Գործի քննությամբ պարզվել է, որ Գագիկը արտաամուսնական կապի մեջ է եղել Արշակի նախկին կնոջ հետ: Արշակը, այդ մասին իմանալով, պարբերաբար զանգահարել է Գագիկին ու անպատվել է՝ պահանջելով հեռու մնալ նախկին կնոջից:

Դեպքի օրը՝ մայիսի 1-ին, Արշակը դարձյալ զանգել է Գագիկին, բայց հեռախոսազանգին պատասխանել է Գագիկի ընկեր Անդրանիկը: Արշակը հայհոյանքներ է տվել: Գագիկն ու Անդրանիկը պայմանավորվել են հանդիպել Արշակի հետ:

Հանդիպման ժամանակ Գագիկն ու Անդրանիկը ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել Արշակին: Դաժան ծեծը դադարեցվել է Արշակի հորեղբոր ու ծեծին պատահաբար ներկա գտնված քաղաքացիների միջամտությունից հետո:

Գագիկ Ք.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե շուրջ 6 ամիս արտաամուսնական կապի մեջ է եղել Արշակի նախկին կնոջ հետ: Այդ ընթացքում Արշակը բազմիցս զանգել է ինչպես իրեն, այնպես էլ նախկին կնոջը, այդ հեռախոսային խոսակցությունների ընթացքում ինքն ու Արշակը անընդհատ վիճաբանել ու միմյանց փոխադարձ հայհոյանքներ են տվել:

Դեպքի օրն ինքն ու ընկերը՝ Անդրանիկը, գտնվում էին իրենց տանը: Զանգել է Արշակը, իր հեռախոսին պատասխանել է Անդրանիկը, և Արշակը հայհոյանքներ է տվել իրեն ու Անդրանիկին:

Իրենք պայմանավորվել են Արշակի հետ հանդիպել ու պարզաբանում կատարել:

Ժամը 13-ին Արշակը ինչ-որ մեկի «ՎԱԶ- 2104» մեքենայով եկել է հանդիպման վայր: Նա նստած էր վարորդի կողքին: Իրենք բացել են մեքենայի դուռը, համոզվել են, որ վարորդի կողքին նստածը Արշակն է, միանգամից՝ առանց որևէ բան ասելու՝ սկսել են հարվածներ հասցնել նրան:

Միջամտել են մեքենայի վարորդն ու այդ տարածքում բնակվողները:

Դատարանում իրեն մեղավոր է ճանաչել նաև Անդրանիկ Ղ.-ն, տվել է համանման ցուցմունք:

Գործով տուժող Արշակ Հ.-ն հայտնել է, թե 5 տարի է՝ նախկին կնոջ հետ համատեղ չի ապրում: Իրենց երեխան ապրում է նախկին կնոջ հետ, ինքը պարբերաբար տեսակցում է երեխային՝ մոր հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:

Վերջին շրջանում իրեն հայտնի է դարձել, որ նախկին կինը կապերի մեջ է Գագիկ Ք.-ի հետ: Ինքը դա չի հանդուրժել, պարբերաբար զանգել է Գագիկին ու պահանջել է, որ նա հեռու մնա իր ընտանիքից:

Դեպքի օրն էլ է զանգել Գագիկի հեռախոսին, խոսել է Գագիկի ու նրա ընկերոջ՝ Անդրանիկի հետ: Իրենք վիճաբանել են, փոխադարձաբար հայհոյել են միմյանց: Պայմանավորվել են հանդիպել: Քանի որ ինքը մեքենա չունի, հանդիպման է գնացել հորեղբոր հետ՝ վերջինիս մեքենայով:

Երբ հասել են պայմանավորված վայրը, Գագիկն ու Անդրանիկը բացել են հորեղբոր մեքենայի դուռն ու սկսել են ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնել իրեն: Ինքը դուրս է եկել մեքենայից, իսկ նրանք շարունակել են ծեծել իրեն: Հորեղբոր ու այդ վայրում գտնվող անծանոթ մարդկանց միջամտությունից հետո նրանք դադարեցրել են իր ծեծը:

Տուժողը նշել է, թե Գագիկը հարվածել ու վնասել է իր աչքը: Ինքը առանց այն էլ ունի առողջական խնդիրներ, հաշմանդամ է, ստանում է հաշմանդամության թոշակ…

Տուժողը պահանջել է, որ ամբաստանյալները հատուցեն իրեն պատճառված նյութական վնասը՝ իր բուժման ծախսերը: Դատական քննության ընթացքում, սակայն, տուժողը գրավոր քաղհայց չի ներկայացրել:

Դատարանը հաստատված է գնահատել ամբաստանյալներին մեղսագրված արարքները: Որպես Գագիկ Ք.-ի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել հանցավոր արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Գագիկ Ք.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և դատապարտվել է տուգանքի՝ 100 հազար դրամի չափով:

Անդրանիկ Ղ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և դատապարտվել է տուգանքի՝ 50 հազար դրամի չափով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում