Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետը Չայկովսկու անվան դպրոցում մասնակցեց Շառլ Ազնավուրին նվիրված համերգին


Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետը Չայկովսկու անվան դպրոցում մասնակցեց Շառլ Ազնավուրին նվիրված համերգին
Հոկտեմբեր 6 20:40 2018

Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը մասնակցեց Հայաստանում Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաների՝ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Քաղաքապետն այս այցով ևս մեկ անգամ վերահաստատեց երկու երկրների երաժշտական դպրոցների միջև կապն ամրապնդելու պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 6-ին Չայկովսկու անվան դպրոցի բակում տնօրեն Մարտունի Կոստանդյանի հետ Նիկոլա Դարագոնը նաև եղևնի տնկեց

«Դեռ 2014-ին փոխհամագործակցության պայմանագիր է ստորագրվել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի և Վալանսի Ռոման ագլոմերացիայի կոնսերվատորիայի միջև: Դրա շրջանակում կազմակերպվել են համերգներ, դասախոսություններ, փոխադարձ այցելություններ: Ամեն դասախոսության վերջում ամփոփիչ համերգ ենք ունենում, այս անգամ այն նվիրել ենք Ազնավուրի հիշատակին»,-ասաց Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Կոստանդյանը:

Այս անգամ դպրոցը Ռոմանի կոնսերվատորիայից հյուրընկալել է 6 դասախոսների, որոնք Չայկովսկու անվան դպրոցում մեկ շաբաթ աշխատել են սաների, շփվել ուսուցիչների հետ: Եկել է նաև 2 սան: Կոստանդյանը նշեց՝ սա հնարավորություն է, որ երկու երկրների երեխաները ճանաչեն միմյանց մշակույթը, շփվեն: 

Վալանսի քաղաքապետը նշեց՝ իրենց  այցի նպատակը երկու երկրների հարաբերություններն ամրապնդելն է: «Շատ ուրախ ենք, որ գտնվում ենք Շառլ Ազնավուրի երկրում և մասնակցում ենք նրան նվիրված համերգին»,- նկատեց քաղաքապետ Դարագոնը:

Նա շեշտեց՝ Ազնավուրը միշտ կմնա մեր սրտերում: Քաղաքապետի կարծիքով՝ ամեն անգամ, երբ նրան հիշեն ու ստեղծագործությունները կատարեն, նա կվերածնվի: Դարագոնը փաստեց նաև՝ երկու երկրների երաժշտական դպրոցների միջև ամուր կապ կա հաստատված, հույս հայտնեց, որ այն էլ ավելի կամրապնդվի: 

Հայաստանում են նաև Վալանսի Ռոման ագլոմերացիայի կոնսերվատորիայի տնօրեն Դիդիեն Վադրոն, կոնսերվատորիայի հայազգի ուսուցիչ Լևոն Չատիկյանը: Վերջինիս քաղաքապետ Նիկոլա Դարագոնը հատուկ շնորհակալություն հայտնեց: Քաղաքապետը հայտնեց նաև, որ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին կայցելեն  Իջևան՝ իրենց քույր քաղաք: Նշեց՝ գիտեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Իջևանում է ծնվել: Հետո կայցելեն Ստեփանակերտ, որի հետ արդեն 3 տարի է, ինչ ունեն հուշագիր, իսկ այս այցով եկել են հատուկ ցույց տալու համար կապերի ամրությունը: