ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները


ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Սեպտեմբեր 26 15:20 2018

Սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է  ունեցել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության փրկարարական գերատեսչությունների միացյալ խորհրդի գիտատեխնիկական 4-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԻ նախարարության պատվիրակությունը՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ:  

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Միջոցառման օրակարգում հիմնականում ընդգրկված էին մասնակից երկրների գիտատեխնիկական փոխգործակցության զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ուժերով անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Գիտատեխնիկական նստաշրջանին հաջորդել է Բելառուսի Հանրապետության ԱԻՆ, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Կոլեգիայի 6-րդ համատեղ նիստը, որին հայկական պատվիրակությունը մասնակցում էր որպես դիտորդ:

 
 



ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ: Եվգենի Զինիչևը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ կոլեգիայի ընթացքում որպես դիտորդ մասնակցության համար և նշել է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մեծապես կարևորում է երկկողմ համագործակցության խորացումը: 

«Առավել արդյունավետ համագործակցության համար ստեղծվել է հուսալի մի մեխանիզմ, որը գործում է շուրջօրյա ռեժիմով, խոսքը ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասին է», - ասել է նախարարը և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն կենտրոնի հետագա զարգացմանը: 

Նշենք, որ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հիմնական խնդիրներն են արձագանքել Կովկասում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին, իրականացնել համատեղ ծրագրեր և նախագծեր, մասնագետներ պատրաստել արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում: 2016 թ. մարտին Կենտրոնի ստեղծումից ի վեր, կազմակերպվում և անցկացվում են հայ փրկարարների մասնագիտական զարգացման մի շարք դասընթացներ: Արդեն իսկ վերապատրաստվել է շուրջ 170 մարդ: 2018 թվականին նախատեսվում է 185 հայ մասնագետների վերապատրաստում: 

Ե. Զինիչևը հույս է հայտնել նաև, որ հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների գերատեսչությունների շրջանակներում կշարունակի ընդգրկել մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նախկինում: Նրա խոսքով այսօր դա ոչ միայն կանխարգելման և հետևանքների վերացման աշխատաքների փորձի փոխանակում է, այլև ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստում, փոխգործակցություն՝ տարբեր ձևաչափերով, ինչպես նաև՝ ճգնաժամային կառավարման կենտրոնների շրջանակներում: