Բակո Սահակյանը պարգևատրել է մշակութային մի քանի գործիչների


Բակո Սահակյանը պարգևատրել է մշակութային մի քանի գործիչների
Սեպտեմբեր 25 16:57 2018

Արցախի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ճանաչված մշակութային գործիչներ Մարտին Վարդազարյանին, Երվանդ Երզնկյանին, Լևոն Մալխասյանին և Աշոտ Առաքելյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից :

Քննարկվել են Արցախում մշակութային կյանքի զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս բազմակողմանի և խոր պատկերացում կազմել մշակույթի ոլորտում տարբեր խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Բակո Սահակյանը կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին հանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, իսկ արվեստագետ Աշոտ Առաքելյանին՝ վաստակավոր նկարչի պատվավոր կոչման վկայական՝ բարձր գնահատելով նրանց ներդրումն Արցախում մշակույթի զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք: