ԱՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ


ԱՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ
Սեպտեմբեր 1 16:33 2018

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Պետական բարձր պարգևներով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, մի խումբ պետական և հասարակական գործիչներ, բարերարներ, տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:

Իր ելույթում նախագահը նշել է, որ այսօր Արցախը Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ միասին վստահ քայլերով ընթանում է ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով՝ ընդգծելով, որ այս բոլոր տարիների ընթացքում առաջին հերթին հուսալիորեն ապահովվել է պետության և ժողովրդի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, լուծվել են շատ ու շատ խնդիրներ պետական մարմինների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման, տնտեսության տարբեր ոլորտների զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:

 
 

Խոսելով անելիքների մասին՝ Բակո Սահակյանը նշել է, որ ժամանակը ներկայացնում է նոր պահանջներ և կարևորագույն խնդիրներ՝ վստահություն հայտնելով, որ պետության կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք արդյունավետորեն լուծելու ուղղությամբ: <<Այդ վստահության հիմքում ընկած է մեր ժողովրդի անսասան կամքը, ցանկացած դժվարություն հաղթահարելու և իր ճակատագրի տերը լինելու պատրաստակամությունը>>,- շեշտել է Նախագահ Սահակյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: