Ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան


Ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 15 11:01 2025

Ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրիշ ճանապարհ պարզապես չկար»,- նշեց նա։

Փաշինյանն ասաց, թե Հայաստանի անվտանգության լեգիտիմությունն ավելի է ամրապնդվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով։

Նա նշեց, թե այն, ինչ անում են իրենք արտաքին միջավայրի հետ կապված, պայմանավորված է բացառապես անվտանգության լեգիտիմության ռազմավարությունով։

«Լեգիտիմության ռազմավարությունը կարևոր է նաև բանակի բարեփոխումների համար, որովհետև 3-րդ հանրապետության պատմության ընթացքում ուժեղ բանակ հասկացությունը միշտ է առաջնորդել։ Մենք անընդհատ ասել ենք, որ մեզ պետք է ուժեղ բանակ, բայց սա էլ է այն թեմաներից, որ պետք է հարց տանք մեզ՝ իսկ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ, ումի՞ց ուժեղ»,- ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք ու խնդիր չունի, բանակի խնդիրը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։