Ադրբեջանցիների կողմից սահմանը քայլերթով հատելու «նախաձեռնությունը» տապալվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինպեսեւ սպասվում էր, տապալվեց:
Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, որոնք նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»:
Նշենք, որ նախօրեին տեղեկություններ կային ադրբեջանական կողմից սադրանքի նախապատրաստման մասին: 66-ամյա Ահմադովը, ով ներկայանում է իբրեւ «Արցախյան պատերազմի վետերան» եւ «փախստական», կոչ է արել սեպտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական սահմանին երթ կազմակերպել, իսկ հետո՝ վեր պարզած ձեռքերով ու սպիտակ դրոշներով անցնել սահմանը եւ «հաստատվել իրենց տներում»: