Վստրեչի Ապերի արտահանձման գործընթացն ընթացքի մեջ է


Վստրեչի Ապերի արտահանձման գործընթացն ընթացքի մեջ է
Օգոստոս 30 19:32 2018

Քրեական աշխարհում հայտնի Վստրեչի Ապերի ազատ արձակման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան:

 

«Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ Արամ Վարդանյանի արտահանձման գործընթացն ընթացքի մեջ է:

 

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վստրեչի Ապերը՝ նույն ինքը Արամ Վարդանյանն անձի առևանգումը կազմակերպելու գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ուներ և հետախուզման մեջ էր:

 

Հուլիսի 30-ին Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը:

 

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել հայտնելով, որ Ա. Վ.-ն կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Գ. Հ.-ին պատժելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առևանգումը կազմակերպելու համար:

 

Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա. Վ.-ի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ, 2017թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առևանգել են Գ. Հ.-ին և տեղափոխել Երևան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս և զենքով սպառնացել սպանել նրան:

 

 

Շուրջ 3 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից և վերադարձել 2018թ. ապրիլ ամսին:

 

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: