Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին (Տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին (Տեսանյութ)
Սեպտեմբեր 17 15:25 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդանի կիրճ, որտեղ ներկայացվել է 3480 քմ տարածքի վրա հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագիծը: Այն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանի տարածքը:

 

Նախատեսվում է, որ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կկառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, բացօթյա կինոդիտման վայր, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, կտրվեն ճարտարապետական ու լանդշաֆտային ինքնատիպ լուծումներ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը նշել է, որ նախագիծն արդեն պատրաստ է:

 

Ըստ նախագծի, կվերակառուցվեն նաև հենապատերը, կբարեկարգվեն գետի վրայի երկու ջրվեժները, կկառուցվի դիմացի մայթ տանող կամրջակ: Վերակառուցվող ենթակառուցվածքները կնպաստեն տարածքի էկոլոգիական վիճակի վերականգնմանը:

 

Նախագծի նպատակն է՝ հիմնվելով Հրազդանի կիրճի բազմաշերտ ժառանգության վրա, ապահովել ժամանակակից ու կայուն զարգացում:

 

Հաջորդիվ վարչապետն այցելել է Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակ՝ («Բիձու գյոլ»), որտեղ ծանոթացել է իրականացված վերականգնման աշխատանքներին: վերականգնվել է լողավազանը, կառուցվել է նոր հանդերձարան, վերանորոգվել մարզահրապարակի մարզասարքերը:

 

Այստեղ մարզվողները շնորհակալություն են հայտնել ստեղծված պայմանների համար և նշել, որ մարզահրապարակ հաճախողների թիվը վերջին շրջանում կտրուկ ավելացել է: