Անհայտ կորածների ընտանիքները գտնվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուշադրության կենտրոնում։
Օգոստոսի 30-ին նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը։ Այդ կապակցությամբ ԿԽՄԿ–ի երեւանյան պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ ղարաբաղյան հակամարտության հրադադարից 24 տարի անց անհայտ կորածների հազարավոր ընտանիքներ շարունակում են սպասել իրենց սիրելիների մասին լուրերի։
«ԿԽՄԿ-ն աջակցում է հակամարտության կողմերին չեզոք միջնորդի իր առաքելությամբ՝ պարզելու այդ մարդկանց ճակատագրերը»,–նշվում է հայտարարությունում։
ԿԽՄԿ–ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետեւանքով Հայաստանից անհայտ կորել է ավելի քան 400 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից ու Ադրբեջանից կան ավելի քան 4500 անհայտ կորած զինվորական եւ քաղաքացիական անձիք։
2014 թվականից կազմակերպությունը հավաքում է կենսաբանական նմուշներ անհայտ կորած անձանց մոտ արյունակիցներից։ Ապագայում՝ արտաշիրմում իրականացնելու դեպքում, այս նմուշները կմեծացնեն աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը։
ԿԽՄԿ-ն տրամադրում է նաեւ բազմակողմանի աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին, կազմակերպում հիշատակման միջոցառումներ։