Հայտնի ֆուտբոլիստ, տիեզերագնաց, բայց արդեն ՊԵԿ նախագահ։ Դավիթ Անանյանը երազկոտ է եղել։ Ինչպես հարմարվել «նոր» Հայաստանին, կադրային ինչ քաղաքականությամբ առաջնորդվել, եւ հարկային ինչ լծակներ կիրառել։ Armday.am-ի՝ Կյանքը մեկ օրում նախագծի հյուրը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն է։
Պարոն Անանյան այս ձեւաչափով եւ ՊԵԿ նախագահի պաշտոնում մեր առաջին հանդիպումն է։ «Նոր Հայաստանում» է ավելի՞ հեշտ շփվել լրագրողների հետ, թե՞ էական տարբերություն չեք նկատել։
Լրագրողների հետ իմ շփումներում համենայնդեպս որեւէ խնդիր չեմ ունեցել, ուղղակի նոր պաշտոնի հետ կապված լրագրողական բանակի հետ շփումներս ավելի հաճախակի են դարձել։ Դա հասկանալի է, քանի որ ՊԵԿ-ն այն կառույցն է, որը թե հետաքրքրության առումով ինքը մամուլի ուշադրության կենտրոնում է, նաեւ հանրությունն իր որոշակի դժգոհությունները, վերապահումները, թե հիացմունքի խոսքերը՝ հավատացեք այդպիսի խոսքեր էլ են լինում շատ հագեցած է մեր առօրյան։ Հետեւաբար այժմ իմ պաշտոնավարման ընթացքում շատ ավելի հաճախ եմ շփվում լրագրողների հետ։ Իհարկե իմ համար կոնկրետ «նոր» Հայաստանը՝ լրագրողների հետ շփումների առումով կապված է պաշտոնի փոփոխության հետ։
Ինքներդ էլ նշեցինք, որ մամուլի ուշադրության կենտրոնում եք։ Ձեր նշանակումից հետո կադրային քաղաքականության առումով քննադատությունները շատ են, որովհետեւ տեսակետներն էլ շատ այն առումով, որ կոռումպացված պաշտոնյաները շարունակում են կամ մնալ ՊԵԿ-ում, կամ վերադառնալ, ինչու՞։
Ես թերեւս ձեռնպահ կմնայի ասել կոռումպացված պաշտոնյաներ արտահայտությունը։ Ասենք այսպես, փորձառու կամ նախկինում համակարգում աշխատած մասնագետներ, որոնք հանրության մի հատվածի պատկերացմամբ, կամ կարծիքով կարող են կոռումպացված լինել, այսինքն սա կամ ենթավարկած է, իսկ մենք եթե մենք վերցնենք կանխավարկածային առումով որոշակի վերապահումներ ունենք, ի վերջո օրենսդրությամբ մենք պետք է հարգենք ցանկացած մարդու իրավունքը, եւ մի քանի առիթով ես ասել եմ, որ հին փորձառություն ունեցող կադրերը եւս իրավունք ունեն հեղափոխության, կամ զարթոնքի պայմաններում վերափոխվելու, վերադասավորվելու եւ նոր աչքերով, նոր ավյունով այս ամեն ինչին իրենց մասնակցությունը ունենան։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ ՊԵԿ-ը այն մարմինն է, որը շատ զգայուն է կադրային քաղաքականության առումով։ Մենք հիմա երիտասարդների մի մեծ բանակ ընդունում ենք աշխատանքի, իսկ ավելի պատասխանատու պաշտոններին իմ կադրային քաղաքականությունը այնպիսին է, որ ես այս պահին վստահում եմ փորձառուներին։ Սա այն համակարգն է, որտեղ որ մենք ուժեղ ցնցումների եւ կադրային առումով հապշտապ որոշումներ կայացնելու առումով պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերենք։ Այսպիսի պայմանավորվածություն ես ունեմ նաեւ վարչապետի հետ եւ այս քաղաքականությունը ունի որոշակի «գին»։ Որն է այդ գինը՝ դա այն խնդիրն է, որը վարչապետը, կամ կառավարությունը դրել է մեր համակարգի առաջ։ Եթե մենք այդ խնդիրը կարողանում ենք լուծել, ապա վստահաբար կարող ենք ասել, որ այսպիսի կադրային քաղաքականությունը արդարացված էր։ Մենք նաեւ պետք է հանրությանը հաշվետվողականության առումով բաց ու թափանցիկ լինենք։ Հարկային համակարգը վերջին տարիներին ավտոմատացվել է, մենք բիզնես պրոյեկտները վերցրել ավտոմատարցրել ենք, եւ այսօր մարդկային գործոնը շատ որոշիչ չէ, հետեւաբար եթե մի 10-15 տարի առաջ մարդն էր որոշում այս կամ այն վարչարարությունը, այսօր՝ համակարգը, այսինքն մենք հաշվետվությունները ընդունում ենք բացառապես էլեկտրոնային եղանակով, մենք հարկային հաշիվները դուրս ենք գրում բացառապես էլեկտրոնային եղանակով։ Այս ամենը մեզ թույլ է տալիս հայտարարելու, որ մարդկային գործոնը գրեթե որոշիչ չէ։
Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ գոնե մարդկային գործոնի առումով։ Ինքներս տեսանք, որ իշխանափոխությունից հետո եղան մի շարք բացահայտումներ այդ թվում եւ ՊԵԿ-ում որտեղ ակնհայտ էր մարդկային գործոնի դերը։ Օրինակ «Նորֆոլկ» ՍՊԸ-ն։ Այդտեղ շոշափվում էր ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անունները։ Ինչ տեղեկություններ ունեք, եւ արդյո՞ք հնարավոր էր առանց Վարդան Հարությունյանի եւ Կարեն Կարապետյանի «դաբրոյի» գործել։
Եկեք ես էլ չհամաձայնեմ ձեր անհամաձայնության հետ, եւ ասեմ ինչու։ Որովեհետեւ ես խոսում էի ՊԵԿ-ի ներսում գործող ավտոմատացման համակարգերի, դուք չհամաձայնեցիք ինձ հետ եւ ՊԵԿ-ից դուրս ստեղծված կառույցի մասին խոսեցիք։ Այդ կառույցը ստեղծվել էր ՊԵԿ-ից դուրս։ Եթե մենք ասում ենք, որ մարդկային գործոնից կախված էր, ապա այո։ Կոնկրետ մարդիկ որոշել էին այդ կառույցը ստեղծել, ինչի համար էին ստեղծել մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ այն կարելի էր կազմակերպել այլ ձեւաչաձով։ Ի դեպ հիմա քննարկումներ են գնում «Նորֆոլկի» «իրավահաջորդ» ձեւավորելու պրոցեսը։ Իմ կարծիքով եթե մենք որոշենք «Նորֆոլկի» նման կառույց ունենք, իսկ դա անխուսափելիորեն պետք է լինի զուտ այն առումով, որ անցումային ժամանակաշրջանում ցնցումներ չառաջացնի ոչ բրենդային հագուստի շուկայում, մենք ասում ենք, որ պետությունը պետք է ռսիկ անի եւ պետական մասնակցությամբ ընկերություն հիմնի, որովհետեւ այդ ընկերության գործունեությունը որոշակի ռիսկեր է պարունակում եւ միակ պատասխանատուն այս ամբողջի մեջ պետությունն է։ ՊԵԿ-ից դուրս ստեղծված կառույցը որոշակի պատասխանատվություն է իր վրա վերցրել, որի մանդատը ինքը թերեւս չի ունեցել։ Կարծում եմ մարդիկ համենայնդեպս դրա ձեւավորման առաջին փուլում ունեցել են հստակ մտադրություններ ոլորտը շատ ավելի թափանցիկ դարձնելու, բայց հետագա ժամանակաշրջանում «Նորֆոլկը» դրեւսորել է այն վարքագիծը, որի արդյունքում ԱԱԾ-ն իր գործառույթները կատարել եւ բացահայտել է։ Եթե դուք գտնում ենք, որ առանց նախկին վարչապետի իմացության այդ կառույցը չէր կարող ձեւավորվել, ես էլ եմ կարծում, որ այդ կառույցը ձեւավորելու առումով երեւի թե քննարկումներ եղել են, բայց դա իմ կարծիքն է։ Ես էլ եմ կարծում, որ եթե պարոն Հարությունյանը ուզեցել է նման մի կառույց ձեւավորել, երեւի թե խորհրդակցել է նախկին վարչապետի հետ։ Բայց կրկնում եմ սա իմ դատողությունն է, ես չգիտեմ դա այդպես է, թե ոչ։
Անդրադառնանք Ձեր գործունեությանը, ինչից եք սկսել, եւ ինչ քաղաքականություն է որդեգրել ՊԵԿ-ը Ձեր ղեկավարմամբ։
Սկսել ենք խնդիրների գույքագրումից, որն ամենապարզ եւ պրիմիտիվ գործառույթն է, որը մենք պետք է անեինք։ Խնդիրները, որոնք կային դրանք բազմաթիվ էին, կադրայինից սկսած մինչեւ վարչարարությունից վերջացրած այս կամ այն գործիքակազմը կիրառելու վերաբերյալ որոշումներ կայացնելու։ Մի քիչ բացեմ ասածս։ Մենք ունենք 100 հազարից ավել գրանցված հարկ վճարողներ, որոնցից «ակտիվները» գրեթե 80-85 հազար են, դրանցից 4000 հարկատուներն են, որ ձեւավորում են հարկային եկամուտների շուրջ 85 տոկոսը։ Այս վերլուծության հիման վրա մենք պետք է որոշակի վերադասավորում անեինք, թե որոնք են մեր թիրախները վարչարարության։ Մենք մի քիչ վերադասավորեցինք մեր թիրախները, եւ ՓՄՁ-ների նկատմամբ թիրախավորումը տեղափոխեցինք դեպի միջինից բարձր հարկատուներ։ ՓՄՁ-ների առումով վարչարարությունը մենք առավելապես կիրառում ենք այցելությունները, իրազեկումը, քննարկումները։
Այսինքն կարելի է ասել, որ նոր Հայաստանում հարկային «տեռորը» բացառվում է։
Հարկային «տեռորը» մի քիչ էպոլիրիկական կատեգորիա է, որովհետեւ «տեռոր» չի էլ եղել։ Եկեք ասենք կոշտ վարչարարություն։ Այսուհետ անարդյունավետ հարկային վարչարարություն չենք իրականացնելու։
Պարոն Անանյան, փոխենք հարցերի շրջանակը։ Սա այն Հայաստանն է, որի մասին երազել է Դավիթ Անանյանը։
Երեւի թե այո, որովհետեւ երբ, որ ժողովրդական տնտեսական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողը դասերի մի մասից փախնում եւ գնում է Ազատության հրապարակ եւ իր հայրենակիցերի հետ կանգնում եւ ինչ-որ մի շատ մեծ բան է ուզում, որի արդյունքում մենք անկախացանք, մենք բոլորս երազում էինք այն ինչ-որ երեւի թե դարերով ենք երազել, իսկ դա շատ ավելի մեծ միջավայր է, որտեղ, որ մենք անկաշկանդ ենք, մեր զավակները առողջ են, ունեն արեւոտ օր եւ մենք էլ կարողանում ենք մեզ իրականացնել մեր սիրած մասնագիտության մեջ եւ ոնց որ թե հանրային առումով բռունցքային իրավիճակում ենք։ Եթե մենք սա դնենք մեր արժեքների մեջ որպես այն ինչ մենք երազում էինք 88 թվականին, ապա ես կպատասխանեմ, որ սա այն Հայաստանն է, որը շատ նման է մեր 88-ին երազած Հայաստանին, բայց եթե ես ասեմ, որ դա հենց այդ Հայաստանն է, ես չէի ուզի դա ասել, որովհետեւ մենք անըդհատ այս Հայաստանը զարգացնելու, մեզ փոխելու ձգտում պետք է ունենանք։ Հետեւաբար եկեք այսպես ձեւակերպենք․ սա մեր երազած Հայաստանին շատ նման է, բայց մենք դեռեւս շատ անելիքներ ունենք։
Ո՞րն է եղել Ձեր մանկության երազանքը, որը չի իրականացել։
Ես այնքան երազկոտ եմ եղել, եւ իմ երազանքներն ու նպատակները եղել են տարբեր։ Ես ուզեցել եմ հայտնի ֆուտբոլիստ դառնալ, կամ տիեզերագնաց։ Բայց չէի ասի, որ մանկության տարիներին այնպիսի մի վառ ցանկություն եմ ունեցել, որը կամ իրականացրել, կամ չեմ իրականացրել։ Պատանեկությունը համընկել է 88-ի շարժման հետ, եւ պատանեկությունս շուտ է անցել։
Մտքերը շարունակելով․․
Կյանքը մեկ օրում։
Հնարավոր չէ ապրել։
Մի օր ես։
Եւ նա։
Իմ օրերի մեջ։
Բազմակետ։
Եվ եզրափակենք հումորով։
Ինչու՞ դուք թրաշով չեք։
Չի սազում (ծիծաղում է։)
Փայլակ Ֆահրադյան
Տաթեւ Այվազյան
Լուսանկարները` Սարգիս Միլիտոնյանի
Armday.am