«Այս այցերը կարևոր են, որովհետև իսկապես մի բան է տեղեկատվական դաշտից իմանալ ինչ-որ նյութեր, մեկ այլ բան՝ տեսնել քո աչքերով երկիրը, նմանությունները»,- ասուլիսում ասաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խմբի անդամ Սամվել Մելիքսեթյանը, ով ևս 4 հոգու հետ նոյեմբերի 21-22-ին Բաքու էր այցելել։
Ըստ նրա, հայերի ու ադրբեջանցիների միջև նմանություններ շատ կան. «Դուք չեք կարող նմանությունները ծրագրավորել, որ հայերի այցելությունների ժամանակ մարդիկ իրենց պահեն շատ ծանոթ, դուք մեկ-մեկ նույնիսկ մոռանաք՝ Երևանում եք, թե Բաքվում։ Իրոք, մարդկանց հագնելու ձևն է նման, շփվելու ձևերը։ Իհարկե, կան տարբերություննր՝ երաժշտությունը, խոհանոցը և այլն։ Մի բան է դա իմանալ վերացանական, մի բան տեսնել հասարակություն, որ շատ նման է մեզ։ Մի պահ մոռանում ես, թե ինչ երկրում ես գտնվում, մի պահ հասկանում ես, թե ինչ երկրում ես գտնվում։
Կարծում եմ՝ Հայաստանի, հատկապես Երևանի քաղաքապետարանի աշխատողները, ընդհանրապես քաղաքական գործիչները պետք է այցելեն Բաքու, տեսնեն այդ երկրում կատարված ինֆաստրուկտուրային աշխատանքները, քաղաքաշինության մոդելը, հետո գալ Հայաստան, մի քանի տարի առանց խոսելու, գլուխը կախ արած աշխատել»։
Ս.Մելիքսեփյանը նաև «բացատրեց», թե ինչու են կարևոր այդ շփումները. «Միայն տեղեկատվական դաշտում, իրենք մի բան ասացին, մենք անպայման պետք է ասենք, ինքնահաստատվենք, բայց իրականությունը գետնի վրա այս 30 տարում Ադրբեջանը շատ ավելի է փոխվել, քան Հայաստանը և սա պատճառներից մեկն է, թե ինչու է Հայաստանն այս վիճակում գտնվում, ինչու է 2020-2023 թվականներին այս ամենը կատարվել։
Սա շատ կարևոր է։ Այս վերացական փուչիկից հայտնվել այդ իրականության մեջ ու փորձել նաև դասեր քաղել կատարվածից, որովհետև 30 տարի Ադրբեջանն իսկապես կառուցել է մի պետություն, որտեղ, իհարկե, կան շատ մեծ թերությունները, բայց այնտեղ տարբեր բնագավառներում կան նաև ձեռքբերումներ, որոնք մենք չունենք։ Սա թույլ է տալիս հասկանալ, թե ինչու ենք այսօր գտնվում այս վիճակում»։
Բաքու այցելներից խմբի անդամ Արեգ Քոչինյանը, շարունակելով նմանությունների մասին թեման, որպես օրինակ նշեց. «Հեռախոս վերցնում են ու ասում հա, брат, քեզ թվում է՝ կողքերդ հայեր են, այնքան նմանություններ կան այդ առումով, որ նույնիսկ զարմանալի է»։










