Ծափաթաղի սպանված փոքրիկի քույրն ու եղբայրները ծանր հոգեբանական, նույնիսկ հոգեբուժական խնդիրներ ունեն. նրանց վերադարձնելը շատ շուտ է. Միրա Անտոնյան


Ծափաթաղի սպանված փոքրիկի քույրն ու եղբայրները ծանր հոգեբանական, նույնիսկ հոգեբուժական խնդիրներ ունեն. նրանց վերադարձնելը շատ շուտ է. Միրա Անտոնյան
Նոյեմբեր 24 17:09 2025

Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և երեք եղբայրները դեռևս գտնվում են ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում, իսկ մոր հետ վերամիավորման մասին խոսելը դեռ վաղ է․ այս մասին Aysor.am-ին ասաց ՀՕՖ ղեկավար Միրա Անտոնյանը։

«Վերադարձնելը շատ շուտ է, նույնիսկ գնահատական տալը շատ շուտ է։ Հավատացնում եմ ձեզ, ոչ թե հատուկ ինչ-որ բան եմ թաքցնում, այլ ժամանակ է պետք առօրյա պայմաններում երեխաներին ուսումնասիրելու համար։ Ակնհայտ է, որ երեխաների առօրյա գործառումը խաթարված է, նրանք անբնական վիճակում են, իսկ թե պատճառը որքանով է անտեսման հետևանք, որքանով՝ յուրացված վարքանմուշ, ցույց կտա ուսումնասիրությունը»,– ասաց նա։

Միրա Անտոնյանը նշեց, որ երեխաները տեսակցում են մորը և հեռախոսով կապի մեջ են։ «Տեսակցում են այնքան, որքան մայրը այդ ցանկությունը հայտնում է, բայց հեռախոսով կապի մեջ են։ Ցուցում չենք ստացել մորը արգելելու հանդիպել իր երեխաների հետ, դրա համար, ինչպես մյուս երեխաների դեպքում, երբ հարմար է՝ մայրը գալիս է, մենք ինքներս էլ գնացել ենք նրան այցելության։ Ավելին՝ քաջալերում ենք, որ մեզ մոտ գտնվող բոլոր երեխաներն ունենան ծնողների հետ հանդիպումներ»,– ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք մոր հետ հանդիպումները ջերմ են, նշեց․ «Այդ խնդիրներով ընտանիքների դեպքում մեզ համար շատ սովորական վիճակ է, բայց նրանք, ովքեր սովորական հարաբերություններին են սովոր, կարող են համարել ոչ բնական։ Բայց երեխաները, բնականաբար, կարոտում են, խնդրում են հանդիպում։ Նրանք, ովքեր կտրված են ընտանիքից, բնականաբար, ուզում են տեսնել ծնողին»։

ՀՕՖ ղեկավարը ասաց՝ արդեն նկատելի է, որ խնդիրները շատ են․ «Բարձիթողի վիճակ է, բնականաբար՝ կենցաղային հմտություններ, հիգիենա, առօրյայի կազմակերպում, գումարած հազար ու մի հարցեր, որոնք կապված են հոգեբանական, ներառյալ նաև հոգեբուժական խնդիրների հետ։ Դեռ պետք է հասկանալ՝ այդ խնդիրները սահմանային վիճա՞կ են, թե՞ լուրջ խնդիր կա։ Դրա համար ոչինչ ասել չեմ կարող»,-ասաց նա՝ չմանրամասնելով, թե ինչ հոգեբուժական խնդիրների մասին է խոսքը։

Ըստ նրա՝ հոգեբանական խնդիրները երեխաների մոտ պայմանավորված են ոչ միայն ընտանիքի անբարենպաստ վիճակով և տեղի ունեցածով, այլ նաև այն փաստով, որ իրենք շատ են ուշադրության կենտրոնում։ «Աննկարագրելի թվով այցեր են լինում, դրանք հեշտ չէ հաղթահարելը, և երեխաների մոտ շոկը դեռ հաղթահարված չէ»։

Իսկ թե երեխաներն ի՞նչ են ուզում, արդյո՞ք ցանկանում են վերադառնալ տուն, կենտրոնի տնօրենն ասաց, որ նախ մայրը պետք է ցանկանա։ «Որքան տեղյակ եմ՝ հիմա նա ապրում է իր հայրական տանը։ Թե ինչ կորոշի մայրը, կվերադառնա՞ իր համայնք երեխաների հետ, թե՞ ոչ՝ դժվար է ասել։ Իսկ երեխաների կողմից նման պահանջ չկա։ Ավելի շատ հուզական անկայունության հետ գործ ունենք։ Դուք սպասում եք սովորական ռեակցիայի, բայց նման սթրեսներ տարած երեխաների ռեակցիաներն այլ են՝ ավելի սպասողական, կարող են պահի տակ ունենալ ագրեսիա աշխատողների, իրար, նաև այլ երեխաների նկատմամբ»,– ասաց Անտոնյանը՝ նշելով, որ ժամանակի ընթացքում, երբ մի քիչ խնամք, ջերմություն և նորմալ պայմաններ ունենան, գուցե երեխաների ունակություններն էլ փոխվեն․

«Սովորաբար այդպես էլ լինում է, բայց դա ամենաքիչը 6 ամիս տևում է»։