Խոշոր վթար Երեւանում․ երեք երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց


Խոշոր վթար Երեւանում․ երեք երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց
Հունվար 23 11:00 2018

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ՝ 22-ամյա Նորիկ Գալստյանը իր վարած Nissan մակնիշի 78 ZQ 078 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 26 հասցեի մոտ բախվել է «Սանիթեք» ընկերությանը պատկանող աղբամանին, կոտրել այն, այնուհետև բախվել «Ուրարտու» ռեստորանային համալիրի դարպասին և առաջ ընթանալով՝ բախվել հաստաբուն ծառին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Գալստյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Թոփիկյանը և Երևան քաղաքի Ծերենցի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Ռուբեն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ այնուհետև՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենայից պոկվել և շպրտվել է գազաբալոնը։

Դեպքի վայր ժամանած մի քանի երիտասարդներ միմյանց հետ զրույցում ասում էին. «Հազար անգամ ասեցինք՝ գոնկայի ժամանակներն անցել ա, հիմի, եթե իրար հետ գոնկա չկպնեին, հո էս օրը չէի՞ն ընկնի»։ Իսկ ՃՈ-ն էլ ունի տեղեկություններ, որ վարորդը մեկ այլ ավտոմեքենայի հետ ավտոռալլի էր կազմակերպել։