Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչների հետ։
Այդ մասին գրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։
«Քննարկել ենք Հայաստանի և ԱՄՆ-ի տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հետազոտությունների և մշակումների, կիբեռանվտանգության, կիսահաղորդիչների, էլեկտրոնիկայի և առաջադեմ արտադրության ոլորտներում։ Անդրադարձել ենք նաև TRIPP նախագծին և տարածաշրջանային կապակցվածությանը։
Ներկայացրել եմ Հայաստանի տեխնոլոգիական և ինժեներական ներուժը, ինչպես նաև միջազգային արժեքային շղթաներում հայկական ընկերությունների ներգրավման հնարավորությունները։
Առաջիկա աշխատանքը կենտրոնացնելու ենք ամերիկյան ընկերությունների և հետազոտական կառույցների հետ կապերի ամրապնդման, համատեղ նախաձեռնությունների մշակման և նոր գործընկերությունների ձևավորման վրա։
Մեր նպատակն է քննարկումները վերածել կոնկրետ ծրագրերի և երկարաժամկետ համագործակցության՝ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,- գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարը։










