Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Արաբկիր շտապբուժօգնության ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են աղջկա դի, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները լոգարանում հայտնաբերել են նշված հասցեի բնակիչ՝ 26-ամյա Սոսե Գ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական եզրակացության՝ Սոսե Գ.-ն մահացել է շմոլ գազից։ Փաստի առթիվ քննիչ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Beko» ՍՊԸ-ում՝ որպես դիզայներ։










