Քոչարի առաջին համահայկական փառատոնը կանցկացվի


Քոչարի առաջին համահայկական փառատոնը կանցկացվի
Հոկտեմբեր 30 15:29 2017

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կմեկնարկի <<Քոչարի>> ժողովրդական պարերի 1-ին համահայկական փառատոնը, որին կմասնակցեն Հանրապետության մարզերի և համայնքների երկու տասնյակից ավելի պարախմբեր:
Համաձայն փառատոնի կանոնակարգի մասնակից պարային համույթները երկու տարիքային խմբերում /10-ից 16, 16 և ավելի բարձր/ կարող են ներկայանալ երկու՝
1. Ժողովրդա-բեմադրական <<Քոչարի>>
2. Ազգային ավանդական <<Քոչարի>> :
Չափազանց մեծ է խմբապարի որոշիչ դերը ազգային հոգեբանության և բարոյական մնայուն արժեքների ձևավորման գործում և սկիզբ առնելով դեռևս նախաքրիստոնեական շրջանում, անցնելով հասարակական տարբեր ֆորմացիաներով՝ <<Քոչարին>> մեզ է հասել ճշգրտորեն պահպանված, ամբողջական կառուցվածքով, ձևերի մշակվածությամբ, բովանդակությամբ ու արտահայտչականության ուրույն դիմագծով:
Հայ ժողովուրդը թե´ կատարումներով և թե´ նկարագրությունների ձևով մեզ է հասցրել <<Քոչարի>> պարի մոտ 50 տարբերակ, որոնց պահպանումը, փոխանցումը և տարածումը մշակութային քաղաքականության մաս է կազմում, որոնց ուսումնասիրությամբ է միայն հնարավոր ամբողջական պատկերացում կազմել մեր բազմադարյան նմանողական պարարվեստի մասին:
<<Քոչարի>> համահայկական պարի փառատոնը կոչված է այդ հնագույն պարի միջոցով արտահայտելու մեր ազգային հոգևոր և ֆիզիկական միասնությունը, մեր հոգևոր և նյութական ահռելի ժառանգությունը, որի կրողը հազարամյակներ շարունակ եղել է բացառապես հայ ժողովուրդը: Մեր պատմական հայրենիքի գավառներում և ներկայիս Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում <<Քոչարին>> եղել և մնում է ամենատարածված պարը: Որպես պատմամշակութային արժեք և հարստություն, այն դարերի ընթացքում սերնդեսերունդ փոխանցվել է և դարձել հոգևոր ժառանգություն, ազգային կենցաղի և մտածողության անբաժան մաս: Այսօր, երբ մեր հոգևոր և նյութական ահռելի ժառանգությունից դարեր շարունակ սնվել են անհայրենիք քոչվոր ցեղերն ու ազգերը, չափազանց կարևոր է հանրահռչակել և տեր կանգնել մեր պատմական հոգևոր և նյութական ժառանգությանը:
<<Քոչարին>> իր տարատեսակներով ու բազմազանությամբ նման է հայոց բարբառներին, որոնք իրենց հնչողությամբ ու արտասանությամբ տարբերվում են իրաիրց, սակայն բոլորի հիմքում հնագույն հայերենն է:
Այդպիսին է նաև <<Քոչարի>> պարը, որն իր բազմազանությամբ և տարածվածությամբ դարձել է մեր ինքնության խորհրդանիշը, մեր ազգային բնավորության և հոգեկերտվածքի արտահայտիչը:
Ծիրանափողից հնչող պարի մեղեդին, թմբուկի համաչափ զարկերը, միաշարք պարողների պարաքայլերի միասնականությունը, ձեռքերի ամուր հյուսվածքն ու զսպանականման ծունկկոտրուկները մեզ տանում են նախապատմական ժամանակներ, երբ Ցուլի և Խոյի պաշտամունքային ծեսերը հայ ազգի միասնության հիմքերն էր ամրացնում: Դա է պատճառը, որ <<Քոչարին>> ամենասիրված և տարածված պարն է եղել և մնում հայոց մեջ, եղել է մեր պատմական հիշողության և ոգեղեն էության արտահայտիչն ու կրողը դարեր շարունակ: