Կամ Հայաստանի անկախության կողմնակից ես, կամ վիլայեթացման. Շարմազանով


Կամ Հայաստանի անկախության կողմնակից ես, կամ վիլայեթացման. Շարմազանով
Նոյեմբեր 25 19:12 2026

«Ակնհայտ է, որ այս վերջին տարիներին մենք առհասարակ իրավական գործընթաց չունենք։ Ունենք կրկնակի ստանդարտների կոպիտ կիրառում թե՛ միջազգային, թե՛ ներհայաստանյան պրակտիկայում»,- «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է Ազգային ժողովի ամբիոնից կամ ասուլիսներում ամենակոպիտ վիրավորական արտահայտություններ թույլ տալ քաղաքական ընդդիմախոսների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հասցեին, և դա որակվում է որպես քաղաքական գնահատական։ Իսկ երբ ընդդիմադիր գործիչներն են քաղաքական գնահատական տալիս ազգային անվտանգությանը սպառնացող գործընթացներին, դա արդեն քրեական հոդվածներով է որակվում։

«Ես ուրախ կլինեմ, որ Արթուր Դանիելյանը և մեր բոլոր քաղաքական բանտարկյալներն ազատության մեջ լինեն, բայց ուրախ եմ, որ գոնե մասնակիորեն՝ վարչական վերահսկողության տակ է։ Կոչ եմ անում բոլոր մեր գործընկերներին չհրաժարվել արդարության ու հանուն հայրենիքի պայքարից և չվախենալ ճնշումներից»,-ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների նախագծին՝ նա նշեց, որ խոսքն ըստ էության Հայաստանի ինքնիշխանության մասին է։ Շարմազանովի պնդմամբ՝ գործընթացն Ադրբեջանի և Թուրքիայի պատվերն է, պատահական չէ, որ նախագիծը դրական են գնահատել հենց այդ երկու երկրները։

«Սա գործընթաց է, որը սպասարկում է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ Սա բացառապես դեմ է մեր ինքնիշխանությանը և խոսում է ինքնիշխանության ու անկախության կորստի մասին։ Անկախության հռչակագրից հրաժարվել, բարեկամներ, նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախության հիմքերից»,- ասաց նա։

Լրագրողը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Անկախության հռչակագրի հիմքում կոնֆլիկտ է դրված։ Շարմազանովը պատասխանեց, որ նույն բանն ասում է նաև Իլհամ Ալիևը։

«Եթե Անկախության հռչակագիրը կոնֆլիկտային է, ուրեմն Հայկ Նահապետն էլ է կոնֆլիկտային, Վարդան Մամիկոնյանն էլ, Գարեգին Նժդեհն էլ, Վազգեն Սարգսյանն էլ, ամբողջ հավաքական հայ ժողովուրդն էլ։ Իսկ դա թուրքական և ադրբեջանական խոսույթ է։ Ես իմ ընտրությունը վաղուց եմ կատարել. ընտրում եմ հավատարիմ մնալ Անկախության հռչակագրին»,- ասաց նա։

Հարցին, թե ինչ պետք է անի ժողովուրդը, Շարմազանովը պատասխանեց, որ հասարակությունը նախ պետք է սատարի խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցություններին, «որպեսզի նրանք այդ վեց ձայնից որևէ ձայն չտան Փաշինյանի ալիևյան սահմանադրությանը»։

«Յուրաքանչյուր հայ մարդ, եթե, Աստված մի արասցե, լինի հանրաքվե, թող իմանա, որ այն ձեռքը, որը հանրաքվեին «այո» է քվեարկում, քվեարկում է ոչ թե խաղաղությանը, այլ ադրբեջանացմանը»,-եզրափակեց նա։