Դավիթ Համբարձումյանի գործով վճռաբեկ դատարանի որոշումը կհրապարակվի Մասիսի ավագանու ընտրություններից օրեր առաջ
Դավիթ Համբարձումյանի քրեական գործով վճռաբեկ դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 27-ին՝ Մասիս համայնքի ավագանու առաջիկա ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։ Այս մասին հայտնել է Համբարձումյանի պաշտպանության կողմը՝ հայտարարելով գործի քննության աննախադեպ արագության և դրա հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ մտահոգությունների մասին։
Պաշտպանական կողմը տեղեկացրել է, որ ստացել է ՀՀ վճռաբեկ դատարանի ծանուցումը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշման հրապարակման օրվա վերաբերյալ։
Նշվում է, որ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ 2026 թվականի հոկտեմբերի 19-ին, իսկ որոշման հրապարակումը նշանակվել է նոյեմբերի 27-ին։
Համբարձումյանի փաստաբանի գնահատմամբ՝ դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքների քննության նման արագ ընթացքը բացառիկ է։ Փաստաբանը նշել է, որ իր գրեթե տասը տարվա մասնագիտական գործունեության ընթացքում նման արագությամբ քննված գործի չի հանդիպել։
Պաշտպանական կողմը մտահոգություն է հայտնել, որ որոշման հրապարակման ժամկետը կարող է պատահական չլինել և պայմանավորված լինել Դավիթ Համբարձումյանի՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը խոչընդոտելու հնարավորությամբ։
Հայտարարությամբ պաշտպանական կողմը կոչ է արել Վճռաբեկ դատարանի դատավորներին զերծ մնալ քաղաքական ազդեցություններից և որոշում կայացնել բացառապես գործի փաստական հանգամանքների, օրենքի ու սեփական խղճի թելադրանքով։
Պաշտպանական կողմը նոյեմբերի 26-ին նախատեսում է մամուլի ասուլիս հրավիրել, որի ընթացքում մանրամասն կներկայացվեն քրեական գործի վերաբերյալ առկա մտահոգությունները։ Ասուլիսի ժամի և վայրի մասին կհայտարարվի լրացուցիչ։










