Գևորգը հարձակման ժամանակ ողի կոտրվածք է ստացել, հազիվ է պրծել հաշմանդամությունից. Կարեն Վրթանեսյան


Գևորգը հարձակման ժամանակ ողի կոտրվածք է ստացել, հազիվ է պրծել հաշմանդամությունից. Կարեն Վրթանեսյան
Նոյեմբեր 16 23:40 2026

«9 օր առաջ փողոցում հարձակվել էին լրագրող և Oragir.news լրատվականի ղեկավար Գևորգ Էմին-Տերյանի վրա։ Մեծ աղմուկ բարձրացավ, ինչը բնական էր (և ճիշտ), սակայն 1–2 օրից աղմուկը թուլացավ, խլացվեց նիկոլական քարոզիչների գեներացրած ամենօրյա ղալմաղալների և ստերի մեջ (ինչը, ցավոք, բնական է)»,-գրում է քաղաքական մեկնաբան Կարեն Վրթանեսյանը՝ շարունակելով.

«Այն, որ լրջագույն խնդիր ունենք օրակարգեր պահելու և թույլ չտալու, որ կարևոր իրադարձությունները շուտով մոռացության մատնվեն, բոլորս գիտենք։ Կարծես թե այս հարցի շուրջ այլևս տարաձայնություններ չկան ընդդիմադիր դաշտում։

Բայց անհասկանալի համառությամբ ընդդիմադիր ընկերներս շարունակում են քննարկել Նիկոլի բանանը, դինոզավրերի վազքը ու նմանատիպ այլ ինֆոխայծեր։

Այսպես այլևս չի կարելի շարունակել։

Գոնե մեդիադաշտում նիկոլական այս ամենօրյա-ամենժամյա գրոհներին դիմադրելու, ինֆոխայծերի վրա չշեղվելու և իրապես կարևոր օրակարգերը չմեռցնելու խնդիրը պետք է լուծել։ Առանց դրա գետնի վրա դիմադրություն կազմակերպելը դառնում է անլուծելի խնդիր։

ՀԳ. Երեկ ֆեյսբուքյան գրառում աչքովս ընկավ, որ Գևորգը հարձակման ժամանակ ողի կոտրվածք է ստացել։ Փաստացի հազիվ է պրծել հաշմանդամությունից։ Այսօրինակ մանրամասները շատ կարևոր է հանրությանը փոխանցել ու անհրաժեշտության դեպքում նաև պարբերաբար հիշեցնել, որպեսզի նիկոլականների գեներացրած տեղեկատվական պղտոր հոսքերի մեջ չմոռացվի։ Օրինակ՝ առանց այս մանրամասնի շատերին կարող էր թվալ, թե սովորական քաշքշոց է եղել, բայց լուրջ բան չկա»։