Գևորգ Թամամյանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածուների գնահատման առաջատար․ 12 միավոր՝ հնարավոր 14-ից


Գևորգ Թամամյանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածուների գնահատման առաջատար․ 12 միավոր՝ հնարավոր 14-ից
Նոյեմբեր 16 16:22 2026

Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գլխավորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի յոթ թեկնածուների միջազգային փորձագիտական գնահատման աղյուսակը՝ ստանալով 14 հնարավոր միավորից 12-ը և 4 միավորով առաջ անցնելով մյուս մրցակիցներից։

Գնահատման հեղինակը ԱՀԿ գլխավոր տնօրենի նախկին հատուկ խորհրդական Փիթեր Սինգերն է, որը նոյեմբերի 15-ին Global Health Insights հարթակում հրապարակել է ընտրապայքարի իր վերլուծության թարմացված արդյունքները։

Թամամյանի գնահատականը կրկնապատկվել է՝ 6-ից հասնելով 12-ի, նոյեմբերի 12-ին «Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով կապրի» բարեփոխումների ծրագրի հրապարակումից հետո։

Սինգերի գնահատմամբ՝ Թամամյանը ներկայումս միակ թեկնածուն է, որը ներկայացրել է առողջապահական արդյունքների չափելի նպատակներ՝ հստակ ժամկետներով։

«Թամամյանն այժմ ներկայացրել է նպատակներ, ժամկետներ և մեխանիզմներ, որոնք յուրաքանչյուրը կարող է ստուգել։ Սա այն նշաձողն է, որին մյուսները պետք է համապատասխանեն», - գրում է Սինգերը։

Վերլուծության հիմքում երկու առանցքային հարց է՝ ինչպես ապահովել ավելի շատ իրական արդյունքներ ու ինչպես նվազեցնել քաղաքական ազդեցությունը ԱՀԿ գործունեության վրա։

Սինգերը հատկապես առանձնացրել է Թամամյանի առաջարկները՝ մանկական քաղցկեղի բուժման չափելի արդյունքների, դեղերի հասանելիության, ղեկավարության հրապարակային հաշվետվողականության և գիտական անկախության ապահովման վերաբերյալ։

Սակայն սա միայն գնահատականների մրցակցություն չէ։ Սինգերի դիտարկմամբ՝ ԱՀԿ հաջորդ ղեկավարի ընտրության առանցքային հարցը պետք է լինի ոչ թե այն, թե թեկնածուներն ինչ են խոստանում, այլ ինչպես են պատրաստվում իրականացնել իրենց խոստումները։

Հեղինակը հստակեցնում է, որ իր գնահատման աղյուսակը չափում է թեկնածուների հրապարակային առաջարկների կոնկրետությունը, ոչ թե նրանց ընտրական հնարավորությունները։ Նա չի աջակցում որևէ թեկնածուի։

Գևորգ Թամամյանի թեկնածությունն առաջադրել է Բոտսվանայի Հանրապետությունը։ Հայ բժիշկը ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրապայքարի միակ միջտարածաշրջանային թեկնածուն է։ Ընտրությունը նախատեսված է 2027 թվականի մայիսին։