Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացման հարցում ընդդիմությանը այնպիսի առաջարկ ներկայացնի, որից վերջիններս չեն կարողանա հրաժարվել։
Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, թե ընդդիմությունը լրացուցիչ քայլ է արել՝ Սահմանադրության գործընթացը կապելով տարածաշրջանային ու միջազգային օրակարգերի, ինչպես նաև խաղաղության օրակարգի հետ։
«Ընդդիմությունը հարց բարձրացրեց, որին ես պետք է պատասխանեմ։ Եթե ես ունենամ այդ պատասխանը, դա ինձ մղում է մտածել, որ ես իրոք կկարողանամ անել առաջարկ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ նախկինում ինքը արտահերթ ընտրությունները դիտարկում էր որպես հնարավոր գործիքներից մեկը, սակայն Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած հարցուպատասխանից հետո այդպես չի մտածում.
«Նախկինում ես ասում էի, որ արտահերթ ընտրությունը գործիքներից մեկն է, բայց ԱԺ-ի հետ հարցուպատասխանն ինձ համար ակնհայտ դարձրեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի, այլ ընդհակառակը, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել»։
Նրա գնահատմամբ՝ երեկվա հարցուպատասխանի արդյունքները հնարավորություն են ստեղծել գործընթացն առաջ տանելու այնպես, որ ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում ձևավորվի, և նրանք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր Սահմանադրության հանրաքվեն։










