Այս ամենը «խաղաղություն» կոչելը ճոխություն չէ՞․ Ավետիսյան


Այս ամենը «խաղաղություն» կոչելը ճոխություն չէ՞․ Ավետիսյան
Հոկտեմբեր 27 19:24 2026

«Երբ սահմանին չկրակելը փորձում են ձեզ համար ձևակերպել որպես խաղաղություն, տեղի է ունենում Շաքիի դեպքի նման դեպք, որին հետևում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների ոչ ադեկվատ արձագանքը՝ «մոլորվել է», «քնել է», «քաղցած է եղել», «մայրական բնազդը զսպեք» և այլ անհեթեթ բացատրություններ, որոնք միտված են կոծկելու իրականություն»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը։

Ըստ պատգամավորի՝ այս ամենը «խաղաղություն» կոչելը ճոխություն է։ Նա կոչ անեց՝ տարբերակել ցանկությունն իրականությունից։

««ԹՐԻՓՓ»-ի համաձայնագրում հստակ երևում են Ադրբեջանի բոլոր շահերը, իսկ համաձայնագրի հաջողության երաշխիքներից գլխավորը խաղաղությունն է, ներառյալ՝ սահմանազատումն ու սահմանագծումը,որի համար կա հանձնաժողով, բայց չկա փաստացի աշխատանք։ Նույնիսկ այդ դեպքում նրանք ոչ թե պատրաստվում կամ իրենց հասարակությանը պատրաստում են խաղաղության, այլ շարունակում են դնել պահանջներ և հնչեցնել սպառնալիքներ։ Իսկ մենք մեզ հարց չենք տալիս՝ Ալիևը երբևէ կստորագրի՞ խաղաղության պայմանագիր, թե՞ զիջումների պահանջները անվերջ են լինելու։ Ո՞վ կամ ո՞ր ուժն է լինելու նրան կանգնեցնողը, տվե՛ք այս հարցերի պատասխանները, հասկանանք խաղաղությունը որտե՞ղ է, որ մենք չենք տեսնում»,- ընդգծեց պատգամավորը։

Նրա համոզմամբ՝ իրական խաղաղությունը ենթադրում է փոխադարձ վստահություն, հարգանք, ըմբռնում։

«Երբ խոսում կամ լսում եք Ադրբեջանի մասին, տագնապ ու անհանգստություն չե՞ք զգում։ Դա նրանից է, որ սպառնալիքը չի դադարել։ Ապացույցը՝ Բաքվում պահվող մեր գերիներն են,որոնց շարունակում են կեղծ դատել և տանջում են զուտ նրա համար, որ հայ են։ Երբ Ադրբեջանից շարունակաբար հնչում են սպառնալիքներ, Հայաստանի դիվանագիտությունը պարտավոր է արձագանքել հստակ, հետևողական և հասցեական ձևով»,- ավելացրեց քաղաքական գործիչը։