Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում. Հովհաննիսյան


Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում. Հովհաննիսյան
Հոկտեմբեր 13 11:40 2026

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

 

«Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգորսկին, որը միջազգային համբավ ունեցող իրավաբան է և զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ, իր վերջին հարցազրույցում հետաքրքիր ձևակերպում է անում։

 

Հարցին. «Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ԵԱՏՄ-ից և մտնել ԵՄ» պատասխանում է։ «Իհարկե, ԵԱՏՄ-ից կարող է դուրս գալ, բայց մտնել ԵՄ հարցը ծիծաղելի է… Երբ Հայաստանում բանտարկում են ընդդիմադիրներին, նրանց առաջնորդներին, դա Եվրոպայի քաղաքականության համար անհասկանալի է։ Հայաստանն ինչպե՞ս կարող է նման քաղաքականությամբ ԵՄ մտնել։ Երբ ընդդիմադիրները բանտերում են, Հայաստանը չունի ոչ մի շանս՝ ԵՄ մտնելու։ Այսօր Հայաստանում կատարվողն անհասկանալի է ցանկացած եվրոպացու համար»։

 

Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի։ Այս խնդիրը լուծում է պահանջում։ Անդադար քրեական գործերը, անդադար կալանքները, հրապարակային մեղադրանքներն ու դրանց արագ ի կատար ածումը Հայաստանը վերածում են մեծ համակենտրոնացման ճամբարի. ի՞նչ Եվրոպա, ի՞նչ քաղաքակիրթ աշխարհ, ի՞նչ ժողովրդավարություն։ Քանդված, անհաղորդ հասարակություն, իշխանություն, որն իր քաղաքական ընդդիմադիրների հետ խոսում է միայն կալանքի լեզվով, իրավապահ համակարգ, որն անում է բոլոր հրահանգները։

 

Նախօրեին փաստաբանական խմբի կողմից հրապարակված նյութերից հետո անհնար է պատկերացնել, թե ինչպես պետք է շարունակվի Գ. Ծառուկյանի դատավարությունը։ Այսինքն կա մեկ բանական շարունակություն՝ անմիջապես պետք է վերացվի կալանքը, մարդիկ պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին, և դատավարության ընթացքում հասնեն արդարադատության։

 

Բազմաթիվ այլ ընդդիմադիր գործիչների գործերը նույն վիճակում են՝ քանդվող, անհիմն, բայց մարդկանց կյանքերը թունավորող, ճակատագրեր խեղող և բազմաթիվ ունակ գործիչների հանրային կյանքից մեկուսացնող։

 

Սա պետք է ավարտվի։ Ներկա չարությունը և թշնամանքը պետք է դադարեցնել։ Չի կարելի այն տեղափոխել վաղվա օր։ Սա ոչ մեկին շահեկան չէ։ Ով իր մեջ գիտակցում է սա, արդեն համախոհություն է և միասին աշխատելու դաշտ։

Չի կարելի քաղաքական ընդդիմախոսությունը փաթեթավորել թալանի դյուրամարս շղարշով։ Իրական թալանչիները լավ էլ ձենները կտրած, երկրի խնդիրներին ու ցավին անհաղորդ ապրում են։

 

Նորից ուզում եմ բերել Գ. Ծառուկյանի օրինակը։ Երբեք պետական պաշտոնի չի եղել, ինքն իրեն բյուջետային հատկացումներ, պետության հաշվին նվերներ չի արել, չի ունեցել լծակ՝ պետական-հանրային սեփականությունը յուրացնելու։ Կամ ստեղծել է զրոյից, կամ քանդված-թալանված ձեռնարկությունները վերցրել, սարքել է միջազգային մակարդակի հիմնարկներ։

 

Հայաստանում «ազատությունն ու արդարադատությունը» պետք է դառնա բոլոր առողջ ուժերի միավորող օրակարգ և հասարակության առողջացմանը միտված գործընթաց»։