Որպեսզի ամեն անգամ մարդկանց չասենք՝ անձնագրի պատճենը բեր, ID քարտի պատճենը բեր. Մհեր Գրիգորյան


Որպեսզի ամեն անգամ մարդկանց չասենք՝ անձնագրի պատճենը բեր, ID քարտի պատճենը բեր. Մհեր Գրիգորյան
Հուլիս 16 14:03 2026

«Երբ թվային համակարգը և թվային վերափոխման օրակարգն սկսեց գործել, մի քանի խնդիր ի հայտ եկան, և անցած տարվա վերջում ընդունվեց «Հանրային տեղեկությունների մասին» օրենքը, որի 20-րդ հոդվածը հստակ ձևակերպում էր, թե ինչ ենթահամակարգեր էր պետք ստեղծել համակարգը աշխատեցնելու համար: Խոսքը 5 ենթահամակարգերի՝ տվյալների դասակարգման, ազգային տարածական ենթակառուցվածքի, տեղեկատվական համակարգերի անվտանգային միջոցների համակարգերի, տվյալների փոխանակման և պետական տեղեկատվական համակագի կառավարման համակարգի մասին եր»,-գործադիրի նիստում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը;

Նա զեկուցեց «Տվյալների դասակարգման համակարգ ստեղծելու և դրա կիրառման կարգը հաստատելու մասին», ինչպես նաև «Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգ ստեղծելու և դրա կիրառման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծերը, որոնք վերաբերում են թվային տվյալների մասով ստանդարտ սահմանելուն:

Մանթաշյանի խոսքով՝ այս համակարգերի փոխգործելիությունը և մի ստանդարտով իրար հետ «շփվելը» շատ կարևոր են, որպեսզի ճշգրիտ և առանց խափանումների տեղեկություններ փոխանակվեն համակարգերի միջև:

«Այս որոշումով մենք այդ ստանդարտն ենք ձևակերպում, թե ինչ ձևով պետք է լինի, ինչ ձևաչափով պետք է տեղեկությունները հավաքվեն»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե չկա տվյալների միասնական ստանդարտ, ապա, օրինակ, պետական ռեգիստրում իր մասին տեղեկությունը՝ բնակության վայր, կարող է գրանցված լինել տարբեր կերպ՝ մի տեղ՝ «Երևան», մի տեղ՝ «Եր» և այլն, և երբ ստանդարտ ընդունվի, տարբեր ձևակերպումները բոլոր շտեմարաններում նույն կերպ կլինեն:

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ ստեղծում են տվյալների ստանդարտ, որը պիտի օգտագործվի շտեմարաններում տվյալների մուտքագրման և պահպանման, հետագա օգտագործման համար:

«Այսինքն՝ ըստ էության, սա իմպերատիվ է պետական մարմինների համար, թե ոնց ենք մենք աշխատելու տվյալի հետ, որպեսզի ապահովենք 1X1 տվյալ և այդ տվյալի գոյությունը բոլոր համակարգերում, որպեսզի ամեն անգամ մարդկանց չասենք՝ անձնագրի պատճենը բեր, ID քարտի պատճենը բեր և այլն»,-ասաց Գրիգորյանը: