Մարդիկ վճարել են մարզվելու համար, փաստացի օրեր շարունակ զրկված են այդ հնարավորությունից. Ո՞վ կփոխհատուցի նրանց, ինչո՞ւ են կապարակնքել «Մուլտի Վելնես»-ը


Մարդիկ վճարել են մարզվելու համար, փաստացի օրեր շարունակ զրկված են այդ հնարավորությունից. Ո՞վ կփոխհատուցի նրանց, ինչո՞ւ են կապարակնքել «Մուլտի Վելնես»-ը
Հուլիս 10 17:22 2026

«Որևէ կերպ քննությանը չի կարող խանգարել որևէ հիմնարկի աշխատելը։ Այս գործելաոճն իրականում խաթարում է մի շարք կարևոր ֆունկցիաներ, նաև այդ թվում մեծ վնասներ է պատճառում պետությանը»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ, գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Լրատվամիջոցի այն հարցադրմանը, թե բացի վնաս տալուց, ի՞նչ նպատակ ունի «Մուլտի Վելնես» մարզասրահի աշխատանքի խափանումը, առավել ևս, որ դրա գործունեությունը շատ մարդկանց առողջության ապահովման հարցն է լուծում, և արդյո՞ք իշխանությունները չեն մտածում այդ մարդկանց մասին, ու նրանց նպատակը միայն Գագիկ Ծառուկյանին վնաս պատճառելն է, փաստաբանը պատասխանեց. «Բնականաբար, որևէ կերպ քննությանը չի կարող խանգարել որևէ հիմնարկի աշխատելը, ու հարցը չի վերաբերում միայն «Մուլտի Վելնես» մարզահամալիրին։ Գագիկ Ծառուկյանին պատկանող գրեթե բոլոր ձեռնարկությունները, հյուրանոցները, գործարանները, ըստ էության, փակված են, ու դա ոչ միայն մարդկանց առողջության վնաս է, այլ բնականոն կենսակերպին»։

Նշենք, որ Panorama.am-ը ստացել է քաղաքացիների դժգոհությունը, որ իրենք վճարել են մարզվելու համար, սակայն օրեր շարունակ փաստացի զրկված են այդ հնարավորությունից։ Նման դժգոհություններ մարդիկ արտահայտում են նաև սոցիալական ցանցերում։

Էմին Խաչատրյանն իր խոսքում մանրամասնեց ստեղծված իրավիճակի սոցիալական ու տնտեսական հետևանքները. «Այսօր գրեթե 8000 հոգի հայտնվել է դրսում, չունի մշտական աշխատանք։ Բնականաբար, նաև, այդ ամենը վնաս է պատճառում տուրիզմին, Հայաստան այցելած տուրիստներին։ Տեսեք՝ «Փարավոն» ռեստորանային համալիրը փակված է, մարդիկ ունեն նախօրոք ամրագրված  միջոցառումների օրերը՝ հարսանիք, ծնունդ։ Դա տարաբնույթ խնդիրներ է առաջացնում թե՛ մեր բիզնես գործունեության բնականոն ընթացքի, թե՛ հասարակության կյանքի բնականոն ընթացքի համար։ Բացի դրանից, պետությունն էլ այս պարագայում ահռելի վնասներ է կրում չվճարված հարկերի իմաստով»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ կխանգարեր, եթե մարզասրահն ու մյուս օբյեկտներն աշխատեին, փաստաբանը կոչ արեց հանրությանը գնահատական տալ. «Հիմա դո՛ւք գնահատեք՝ արդյո՞ք դա արդյունավետ գործելաոճ է, թե՞ ոչ։ Ես հասկանում եմ՝ կարող է քննչական գործողության համար 1 կամ 2 օր ինչ-որ հիմնարկ կապարակնքվի, որ քննչական գործողություններ կատարեն, բայց դա պետք է կատարվի շատ արագ ու արդյունավետ, չի կարող դա տևել 5 օր, մի շաբաթ, 10 օր։ Այս գործելաոճն իրականում խաթարում է մի շարք կարևոր ֆունկցիաներ, նաև այդ թվում մեծ վնասներ է պատճառում պետությանը»։