«Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսույթում գրեթե ամեն ինչ, ի վերջո, հանգում է Սերժ Սարգսյանին». Արմեն Հովասափյան


«Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսույթում գրեթե ամեն ինչ, ի վերջո, հանգում է Սերժ Սարգսյանին». Արմեն Հովասափյան
Հուլիս 9 16:32 2026

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավելի քան ութ տարի է՝ Սերժ Սարգսյանը թողել է պետական պաշտոնը, սակայն գործող իշխանության քաղաքական վարքագիծը ցույց է տալիս, որ նրա անունը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օրակարգի կենտրոնում՝ վերջինիս մղձավանջը։ Տպավորություն է ստեղծվում, որ իշխանության համար Սարգսյանի քաղաքական գործունեությունն ու նրա հետ առնչվող ցանկացած դրվագ մշտական վերահսկողության և հետապնդման առարկա են, իսկ ամեն նոր առիթ օգտագործվում է հերթական մեղադրանքը շրջանառելու համար։
     Խնդիրն այն է, որ այս տարիների ընթացքում այդ աղմկոտ հայտարարությունների մեծ մասը չի վերածվել իրավական առումով համոզիչ փաստերի։ Հանրությունը շարունակաբար տեսնում է նույն գործելաոճը՝ բարձրաձայն մեղադրանքներ, ցուցադրական գործողություններ, տեղեկատվական անհոդաբաշխ աղմուկ, բայց դրանց հիմքում հաճախ մնում են նույն կեղծ պնդումները, մտացածին պատմությունները և քաղաքական նպատակահարմարությունից բխող զրպարտությունները։
     Այս տրամաբանության մեջ են տեղավորվում նաև մեկը մյուսին հաջորդող «կարված» գործերը, որոնք պարբերաբար նետվում են հանրային տիրույթ։ Դրանք դառնում են ոչ այնքան արդարադատության, որքան քաղաքական պայքարի գործիք՝ մարդկանց հեղինակազրկելու, նրանց նկատմամբ արհեստական ճնշումներ գործադրելու և վախի մթնոլորտ ձևավորելու համար։ Այդ ամենը ներկայացվում է «ժողովրդավարության» և «օրինականության» անվան տակ, մինչդեռ իրականում վերածվում է քաղաքական հաշվեհարդարի մեխանիզմի։
     Ամենահետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսույթում գրեթե ամեն ինչ, ի վերջո, հանգում է Սերժ Սարգսյանին։ Ցանկացած ձախողման, ցանկացած խնդրի կամ ցանկացած նոր պատմության մեջ իշխանությունը փորձում է գտնել Սարգսյանի կամ նրա քաղաքական թիմի հետ կապվող որևէ դրվագ։ Այդ պատճառով էլ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե պաշտոնը վաղուց թողած մարդը շարունակում է զբաղեցնել գործող իշխանության մտքերն ու քաղաքական օրակարգը։ Սա, թերևս, ավելի շատ խոսում է գործող իշխանության մտասևեռված քաղաքական հոգեբանության մասին, որը նույնիսկ ութ տարի անց չի կարողանում ձերբազատվել Սարգսյանի ստվերից»: