Նիկոլ Փաշինյանն իմ առաջնորդն է, ինչ ասում է, ճիշտ է ասում, «Արարատցեմենտի» գործարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույցում դիմել էր «Արարատցեմենտի» գործարանի աշխատակիցներին՝ հորդորելով չանել գործողություններ, որպեսզի հետո չազատվեն աշխատանքից:
Փաշինյանը նաև ասել էր, որ «Արարատցեմենտը» շուտով լինելու է պետական:
«Եկել ենք, հասկանանք` կարող ենք էնպես անել, որ իրավական պրոցեսները չխանգարեն արտադրությանը, և կարծում եմ, որ կկարողանանք էնպիսի կոնֆիգուրացիա ստեղծել, որ իրավական պրոցեսները ոչ մի դերակատարում չունենան արդարության պրոցեսի շարունակականության վրա: «Արարատցեմենտը» մեզ համար ռազմավարական նշանակության գործարան է»,-նշեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտյան հավաքվել են գործարանի մոտ, բողոքի ակցիա արել: Արդեն 4-րդ օրը հարկադիր պարապուրդում գտնվող «Արարատցեմենտի» աշխատակիցները հայտարարել են, որ ուզում են հասկանալ՝ ինչ է գորածարանի շուրջ կատարվում ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը:
Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, իրավապահները կապարակնքել են գործարանը և այն չի աշխատում:










